Շիրակում եւ Լոռիում աշխատանք է տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Լոռի ջուր» ընկերության տնօրեն Արիստակես Ղուկասյանը՝ նշելով, որ Վանաձորի քաղաքի բաժանորդների 35 տոկոսն այժմ արդեն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարումով։ Տնօրենի խոսքով՝ մարզի բաժանորդների 84 տոկոսը ջրաչափ է տեղադրել, բայց առկա է գումարի հավաքագրման խնդիրը։ «Մարզում գումարի հավաքագրման չափը մոտ 75 տոկոս է, դրա պատճառներից է, թերեւս, այն, որ մարզում բարձր է գործազրկության մակարդակը»,- նշեց նա։

Ըստ նրա՝ քաղաքի ջրամատարարման ցանցի վերականգնման համար վարկը հատկացրել գերմանական KFW բանկը։

KFW բանկի ներկայացուցչի օգնական Անդրանիկ Խաչանյանի խոսքով՝ բանկը Հայաստանի կառավարությանը 23,4 մլն եվրո վարկ է տրամադրել, որպեսզի վերականգնվի Շիրակ եւ Լոռի մարզերի ջրամատակարարման համակարգը, ինչպես նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի վերականգնման համար։ Նրա փոխանցմամբ՝ վարկի տոկոսադրույքը կազմում է 0,75 տոկոս, որը տրվել է 40 տարի մարման ժամկետով։ «Ծրագրի երկրորդ փուլի հաստատման դեպքում այս մարզերում ցանցերը կվերականգնվեն հարյուր տոկոսով, բայց վարկի տոկսադրույքն արդեն նույնը չի լինի»,- նշեց բանկի ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ, ըստ Գերմանիայի կառավարության՝ Հայաստանն այժմ դասվում է միջին եկամուտներով զարգացող երկրների շարքը, այդ իսկ պատճառով տրամադրվող վարկի տոկոսադրույքներն արդեն բարձր կլինեն։