Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահներից առաջինն է, ով ներկայացել է Գերագույն դատարանի նիստին։ Ապրիլի 1-ին հանրապետականն անձամբ է ներկա գտնվել այն հրամանագրի օրինականության վերաբերյալ լսումներին, որը վերաբերում է ըստ ծննդյան իրավունքի քաղաքացիություն ստանալու սահմանափակմանը։ Այս հրամանագիրը, որը նա ստորագրել էր Սպիտակ տուն վերադառնալու հենց առաջին օրը, Դոնալդ Թրամփը համարում է իր խիստ ներգաղթային քաղաքականության առանցքային տարրը։

Թրամփը ժամանել է Սպիտակ տան ավտոշարասյան ուղեկցությամբ և տեղ զբաղեցրել դահլիճի հանրային հատվածի առաջին շարքում։ Մյուս ներկաների հետ միասին նա ոտքի է կանգնել, երբ դատական կարգադրիչը, բացելով նիստը, ըստ ավանդույթի հնչեցրել է. «Oyez! Oyez! Oyez!» («Լսեցե՛ք, Լսեցե՛ք, Լսեցե՛ք»)։ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը որևէ կերպ չի անդրադարձել նախագահի ներկայությանը։

Կապիտոլիումի բլրի վրա գտնվող Գերագույն դատարանի շենքի մոտ, հավաքվել են Թրամփի դեմ ուղղված պաստառներով ցուցարարներ, հայտնում է DW-ն։ Նիստերի դահլիճում անվտանգության միջոցառումները զգալիորեն ուժեղացված են եղել սովորական ռեժիմի համեմատ։

Ստորադաս դատարանն արգելափակել էր Թրամփի այն հրամանագիրը, որն արգելում է դաշնային մարմիններին ԱՄՆ քաղաքացիություն շնորհել Ամերիկայի տարածքում ծնված այն երեխաներին, որոնց ծնողներից ոչ մեկը ԱՄՆ քաղաքացի չէ կամ չունի կացության թույլտվություն՝ այսպես կոչված «գրին քարտ»։