Պակիստանը Իրանի հետ պատերազմի սրման դեպքում կաջակցի Սաուդյան Արաբիային Թագավորության հետ կնքված պաշտպանական համաձայնագրի շրջանակում, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ծառայության աղբյուրին։
Անցյալ տարի Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են համատեղ ռազմավարական պաշտպանական համաձայնագիր, որում նշվում է, որ «երկրներից որևէ մեկի դեմ ցանկացած ագրեսիա կհամարվի ագրեսիա երկուսի դեմ»։
Պակիստանի զինվորականները դատապարտել են Սաուդյան Արաբիայի դեմ շարունակվող Իրանի պատասխան հարձակումները՝ դրանք անվանելով «խաղաղության ջանքերը խաթարող սրացում»։
Պակիստանի զինվորականները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի «համբերությունն ու զսպվածությունը», չնայած իրանական «սադրանքներին», «հնարավորություն են տվել բաց պահել դուռը միջնորդության համար», նախազգուշացնելով, որ «շարունակական հարձակումները կարող են հանգեցնել այդ դռան փակմանը»։
Երկու պակիստանյան աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները խթանելու ջանքերը շարունակվում են, հակառակ ԱՄՆ հարվածների ուժգնացմանը և «դժոխք սարքելու» վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած ժամկետի մոտալուն:
Վերջին շաբաթներին Պակիստանը ԱՄՆ-Իրան բանակցությունների կենտրոնում էր՝ հանդես գալով որպես երկու կողմերի համար համատեղ առաջարկների մշակման հիմնական միջնորդ, սակայն փոխզիջման որևէ նշան չի նկատվել։
«Մենք կապի մեջ ենք իրանցիների հետ։ Նրանք վերջերս ճկունություն են ցուցաբերել և հայտարարել են, որ կարող են միանալ բանակցություններին, սակայն միևնույն ժամանակ, նրանք կոշտ դիրքորոշում են պահպանում՝ որպես ցանկացած բանակցությունների նախապայման»,- Reuters-ին ասել է Պակիստանի անվտանգության ծառայության աղբյուրը։
Նա հավելել է, որ Իսլամաբադը Թեհրանին կոչ է անում բանակցություններ սկսել առանց նախապայմանների։





























