Քսանմեկ ամիս առաջ հայտնի պահպանողական մեկնաբան Թաքեր Կառլսոնը 2024 թվականի Հանրապետական կուսակցության ազգային համագումարում հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի մահափորձից փրկվելը հավասարազոր էր «աստվածային միջամտության», որ Աստված որոշեց փրկել Թրամփին, քանի որ նա ծրագիր ուներ Թրամփի հաշվով՝ երկիրը ղեկավարելու համար։
Այսօր Կառլսոնը գրեթե հակառակ փաստարկն է բերում Թրամփի մասին։ Երկուշաբթի իր ելույթի ժամանակ նա, կարծես, ակնարկեց, որ Թրամփը, միգուցե, Հակաքրիստոսն է, գրում է CNN-ը։
Այդ հռետորական հարձակումը առ այսօր Թրամփի հասցեին Կառլսոնի ուղղված ամենախստագույն հրապարակային քննադատության պսակն է։
Թեև Fox News-ի նախկին հաղորդավարը ավելի վաղ էլ էր խստորեն քննադատել Իրանի դեմ պատերազմը և փոքր-ինչ ավելի մեղմ քննադատել էր Թրամփին որպես անձնավորություն, գոնե հրապարակայնորեն, երկուշաբթի նա ավելի կոշտ արտահայտվեց, քան երբևէ, ընդգծել է լրատվամիջոցը։
Արդյունքը, թերևս, դարձավ Թրամփի և առաջատար ազդեցիկ պահպանողականի միջև ներկա դրությամբ ամենալուրջ գժտությունը։
Հեռուստաընկերությունն այնուհետև մեջբերեց ԱՄՆ նախագահի մասին Կառլսոնի արած մի քանի առանցքային հայտարարություններ։
Նա ասել է, որ քրիստոնյաները պետք է վերանայեն իրենց աջակցությունը Թրամփին, այն բանից հետո, երբ նախագահը հայտարարեց, թե ներխուժել է Վենեսուելա՝ հանուն նավթի։
«Դա անընդունելի է ամերիկացիների կամ որևէ այլ քաղաքակիրթ ժողովրդի համար, քանի որ չի կարելի թույլ տալ ուրիշների իրերի բռնի բռնագրավում»,- ասել է Կառլսոնը։
Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Թրամփի սպառնալիքը Կառլսոնն անվանել է «ռազմական հանցագործություն, բարոյական հանցագործություն» և ընդգծել, որ դա հանգեցնելու է «զանգվածային տառապանքների և մահվան»։
Կառլսոնը ենթադրել է նաև, որ Թրամփի վարչակազմն, ըստ ամենայնի, դիտավորյալ է ռմբակոծել Իրանի տարրական դպրոցը։
Նա Թրամփի Զատկի առավոտյան սոցիալական ցանցերում գրառումը, որում նա սպառնում էր Իրանին, «բոլոր մակարդակներում գարշելի» է որակել։
Լրագրողը քննադատել է Թրամփի գրառումը՝ իսլամը ծաղրելու համար, հայտարարելով, որ դա համարժեք է ցանկացած կրոնի ծաղրուծանակին։
«Նրա շատ դիրքորոշումներ ճիշտ են, սակայն դուք չեք կարող դա աջակցել։ Դա չարիք է»,- ընդգծել է Կառլսոնը։
Նա ենթադրել է, որ Թրամփը շուտով կարող է միջուկային ռումբ նետել Իրանի վրա և նույնիսկ զգուշացրել է ԱՄՆ նախագահի մտերիմներին արգելել նրան օգտագործել միջուկային կոդերը։
Կառլսոնը միաժամանակ քննադատել է ԱՄՆ նախագահին՝ իր երդմնակալության ժամանակ ձեռքն Աստվածաշնչի վրա չդնելու համար՝ եզրակացնելով, որ դա կանխամտածված էր արել։
«Որովհետև նա կտրականապես մերժում է այդ գրքում գրվածը։ Եվ այդ գրքում գրվածը սահմանափակում է մարդկային վարքագիծը»,- ասել է լրագրողը։
Այնուհետև նա ենթադրել է, որ Թրամփը հնարավոր է, ավելի բարդ հոգևոր հարձակում է իրականացնում։
«Հնարավո՞ր է արդյոք, որ այն, ինչ դուք տեսնում եք, շատ նուրբ, բայց աներևակայելիորեն արդյունավետ հարձակում է այն բանի վրա, ինչը քրիստոնեական տեսանկյունից Հիսուսի հանդեպ ճշմարիտ հավատքն է։ ...Հնարավո՞ր է արդյոք, որ նախագահն ավելի լայն է նայում այդ հարցին։ Դա համարում է նվաճում կամ նշանակում որևէ ավելի բարձր պաշտոնի, քան Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն է»,- հարցրել է Կառլսոնը։
Լրագրողի համոզմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաները պետք է ոչ, «բացարձակ ոչ» ասեն Թրամփին և դա ուղղակիորեն ասեն նախագահին։





























