Բրիտանական թագավորական նավատորմի միակ ռազմանավը՝ HMS Dragon ականակիրը, որը ներգրավված էր Իրանի հետ հակամարտության մեջ, լքել է տարածաշրջանը սպասարկման հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Daily Mail-ը։
Վերջինիս տվյալներով՝ նավը ռազմական գոտի էր ուղարկվել ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի շաբաթ անց։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռազմանավը խնդիրներ է ունեցել ջրամատակարարման հետ, ինչն ազդել է նավաստիների սննդի մատակարարման վրա։
Պաշտպանության նախարարությունը սկզբում հերքել է այս պնդումները, բայց այսօր հաստատել է, որ Նորին Մեծության նավը նահանջել է անվտանգ տեղակայման վայր՝ վերանորոգման համար։
Նավահանգստում HMS Dragon-ի զենքերը և այլ համակարգերը «կբարելավվեն», ինչը, պաշտոնյաների խոսքով, «կբարձրացնի ճկունությունը տարածաշրջանում ապագա տեղակայումների համար»։
HMS Dragon-ի ճշգրիտ տեղը գաղտնի է պահվում անվտանգության նկատառումներով։
«HMS Dragon-ը Արևելյան Միջերկրական ծովում իրականացնում է պլանային լոգիստիկ կանգառ և կարճատև սպասարկման ժամանակահատված, որը նավին պաշարներ վերցնելու, համակարգերն օպտիմալացնելու և սպասարկում իրականացնելու հնարավորություն է տալիս: Այս ժամանակահատվածում HMS Dragon-ը կպահպանվի շատ բարձր պատրաստվածության մակարդակում և անհրաժեշտության դեպքում կկարողանա նավարկել կարճ ժամանակում: Մեծ Բրիտանիան շարունակում է պահպանել ուժեղ և շերտավորված պաշտպանական ներկայություն Արևելյան Միջերկրական ծովում՝ դաշնակիցների հետ համակարգված: Սա ներառում է Typhoon և F-35 ինքնաթիռներ, Wildcat և Merlin ուղղաթիռներ, ինչպես նաև առաջադեմ հակաօդային և օդային պաշտպանության համակարգեր»,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես ընդգծում են լրատվամիջոցները, կառավարությունը քննադատության է արժանացել սրվող հակամարտության պայմաններում HMS Dragon-ը Պարսից ծոց ուղարկելու հետաձգման պատճառով, և որ՝ որևէ խոշոր ռազմանավ չուներ, երբ փետրվարի 28-ին սկսվեց Իրանի հետ պատերազմը:
Քննադատությունն ուժեղացավ, երբ այլ եվրոպական երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից և Հունաստանից, նավեր ժամանեցին Միջերկրական ծով՝ Պարսից ծոցով Իրանի պատասխան հարձակումներ սկսելուց մի քանի օր անց:




























