Թատերագիր-հրապարակախոս Վահրամ Սահակյանի առողջական վիճակը ծանր է, հիվանդությունները, որոնք կտրուկ սկսել էին փետրվարի 11-ից սկսած՝ կարծես ավելի են բարդացել։ Այդ մասին իր բլոգում գրել է նրա ընկերը,  արձակագիր Էդգար Կոստանդյանը:

«Առայժմ դժվար է կոնկրետ արտահայտվել իրավիճակի մասին (մանավանդ տեղեկությունները շատ տարբեր են, երբեմն էլ իրար հակասող), որովհետեւ հեռախոսը համարյա չի վերցնում, տանից դուրս է գալիս 2-3 օրը մեկ՝ 10-15 րոպեով, կտրականապես հրաժարվում է հիվանդանոց տեղափոխվելուց, բավականին խիստ ու բացասասական է արտահայտվում բոլոր բժիշկների եւ «գոմանման» հիվանդանոցների մասին»,- գրել է Կոստանդյանը։

«Նրա ընկերներն առավելապես զբաղվում են անհրաժեշտ դեղամիջոցների հայթայթմամբ, ինքը գերադասում է տեղափոխվել առավելապես տաք կլիմա ունեցող որեւէ ծովափնյա երկիր, ուր հնարավոր կլինի ապաքինվել»,- նշվում է բլոգում։

Նշենք, որ Էդգար Կոստանդյանն ավելի վաղ գրել էր, որ Վահրամ Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքները՝ հեղինակի ծանր հիվանդության պատճառով: Կասեցվել են նաեւ նրա էջերը բոլոր սոցիալական ցանցերում: