Նշված ժամանակահատվածում կայացած ընտրությունների արդյունքների բողոքարկման նախադեպեր չեն գրանցվել։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թվականների գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«2024-25 թվականներին Հայաստանում տեղի են ունեցել չորս տեղական ինքնակառավարման ընտրություններ, որոնցից երեքը համամասնական ընտրակարգով, մեկը մեծամասնական ընտրակարգով։ Պիտի արձանագրեմ այն փաստը, որ բոլոր չորս դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում չենք ունեցել», - ասել է Հովակիմյանը։ Նրա խոսքով, ԿԸՀ ներկայիս կազմի աշխատանքի ընթացքում համամասնական ընտրակարգով տասից ավելի ընտրություններ են կազմակերպվել, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները։ Այս ընտրությունների արդյունքները նույնպես չեն բողոքարկվել։
ԿԸՀ նախագահը հավելել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը կենտրոնացել է ընտրական համակարգի զարգացման, ինչպես նաև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վրա։





























