Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ռուսաստանում գտնվող իր նախկին բնակարանի հասցեով փոստով ծանուցագիր է եկել «կասկածյալ Պ. Վ. Դուրովի» անունով։ Ծանուցագրի մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։

Ըստ Դուրովի՝ խոսքը կարող է վերաբերել խոսքի ազատության և նամակագրության գաղտնիության պաշտպանության հարցում իր դիրքորոշմանը, որոնք ամրագրված են Ռուսաստանի Սահմանադրությամբ։

Միաժամանակ, մնում է անհայտ, թե հատկապես որ գերատեսչությունից է ուղարկվել ծանուցագիրը։ Դատելով հրապարակված լուսանկարից՝ դա «Почта России»-ի (Ռուսաստանի փոստ) ծանուցում է պատվիրված նամակի մասին, սակայն հարցեր է առաջացնում փաստաթղթում նշված «կասկածյալ» ձևակերպումը։

Ավելի վաղ Դուրովը հայտնել էր, որ Ռուսաստանում իր դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական գործունեությանն օժանդակելու» հոդվածով, թեև իրավապահ մարմինները պաշտոնապես դա չեն հաստատել։