Մեզ Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահ) չի ֆինանսավորում, մեզ ֆինանասավորում են տարբեր մարդիկ, մեր ընկերները, մերսեփական միջոցներն են ներդրված։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Գալստյանը, ով ընդգրկված է նաև կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում:
Նա պարզաբանել է, որ միջոցները ոչ թե մեկ աղբյուրից են, այլ տարբեր։ Նրա խոսքով՝ դա ակնհայտ կդառնա, երբ հրապարակվի ֆինանսական հաշվետվությունը։ Գալստյանը հայտնել է, որ ընտրական ցուցակում ներառված են նաև «Շանթ» դաշինք կուսակցության անդամներ, ինչպես նաև անկուսակցական անձինք։
Նա վերահաստատել է, որ «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության հետ մոտեցումների տարբերության պատճառով համագործակցությունն ընդհատվել է, քանի որ բանակցությունները ձգձգվում էին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մոտենում էր: Միևնույն ժամանակ, Արմեն Գալստյանը չի բացառոլ, որ ապագայում համագործակցությունը հնարավոր է՝ հավելելով, որ փոխգործակցությունը շարունակվում է նաև հիմա:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին «Միասնության թևեր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը:




























