ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորումի» շրջանակում, Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։
ԱԽ գրասենյակից NEWS.am–ին հայտնում են, որ Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, կարևորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա:
Գրիգորյանը նաև խոսել է ապաշրջափակման կարևորության մասին՝ անդրադառնալով արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին ու ստեղծվելիք տնտեսական հնարավորություններին:





























