Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունն անհնար է, իսկ թե որ ուժերի հետ ինչ ձևաչափով կլինի համագործակցություն, կարծում եմ՝ դրա մասին մի փոքր վաղ է խոսել։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Լիպարիտ Դրմեյանը։
Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը ներկայիս իշխանությունների վերարտադրությունը թույլ չտալն է։ Դրմեյանը վստահություն է հայտնել, որ «Միասնության թևերը» կլինի խորհրդարանում՝ միաժամանակ կեղծ որակելով այն ուժերի հայտարարությունները, թե իրենք հաստատ ստանալու են սահմանադրական մեծամասնություն։ Ըստ նրա գնահատականի՝ դա հանրությանը մոլորեցնելու փորձ է։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Արման Թաթոյանը կդառնա վարչապետ՝ հիմնվելով նրա հանդեպ հանրային վստահության և սոցհարցումների արդյունքների վրա։
Դրմեյանը նշել է, որ ամենաբարդ խնդիրն ընտրողների առավելագույն մասնակցությունն ապահովելն է՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժն ակտիվ աշխատանք է տանելու այդ ուղղությամբ։ Նա նաև վստահեցրել է, որ իշխանության գալու դեպքում «Միասնության թևեր» կուսակցությունը կխորացնի համագործակցությունը ցանկացած կառույցի հետ, լինի դա ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ՀԱՊԿ-ն թե ՆԱՏՕ-ն, եթե դա բխում է Հայաստանի շահերից։
Նշենք, որ ապրիլի 23-ին «Միասնության թևեր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։ Ցուցակը, որում ընդհանուր առմամբ ընդգրկված է 80 անձ, գլխավորում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Շնորհապետական» կուսակցությունները, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ինչպես նաև «Բոլորի դեմ» և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները։




























