ԱՄՆ արդարադատության նախարարությունը ձերբակալել է հատուկ ջոկատային Գաննոն Քեն վան Դայքին, որը, ըստ քննիչների, օգտագործել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնելու գործողության մասին գաղտնի տեղեկատվությունը Polymarket կանխատեսումների հարթակում խաղադրույք կատարելու համար եւ վաստակել է ավելի քան 40 հազար դոլար, հաղորդել է ABC News-ը։
Քննիչների տվյալներով՝ «Բացարձակց վճռականություն» գործողության ընթացքում Մադուրոյի բռնելու մասին Թրամփի հայտարարությունից մի քանի օր առաջ վան Դայքը 33 933 դոլար խաղադրույք է կատարել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելա ներխուժման եւ Մադուրոյի պաշտոնանկության հետ կապված չորս իրադարձությունների վրա։ Ամենամեծ խաղադրույքը՝ 32 537 դոլար Մադուրոյի պաշտոնաթողության վրա մինչեւ հունվարի 31-ը, ապահովել է 1,242 տոկոս կամ 404 222 դոլար եկամտաբերություն։ Գործի նյութերի լուսանկարում վան Դայքը պատկերված է USS Iwo Jima նավի տախտակամածին, որով Մադուրոն տեղափոխվել էր գերեվարվելուց հետո։ Երբ մամուլում հայտնվեցին կասկածելի խաղադրույքների մասին հաղորդագրություններ, մեղադրյալը փորձեց թաքցնել հետքերը. նա ջնջեց իր Polymarket հաշիվը եւ փոխեց կրիպտոարժույթային դրամապանակի էլեկտրոնային հասցեն։ Վան Դայքին մեղադրանք է առաջադրվել ինսայդերական առեւտրի, արժեթղթերի, ինչպես նաեւ էլեկտրոնային խարդախության համար։
Սա ԱՄՆ պատմության մեջ կանխատեսումների շուկաներում ինսայդերական առեւտրի առաջին քրեական հետապնդումն է։ Polymarket-ը կասկածելի խաղադրույքների մասին կամավոր հայտնել է արդարադատության նախարարություն։ Մեկնաբանելով դեպքը՝ Թրամփը վան Դայքին համեմատել է բեյսբոլիստ Փիթ Ռոուզի հետ, որը որակազրկվել էր սեփական թիմի վրա խաղադրույքներ կատարելու համար՝ ավելացնելով, որ «ողջ աշխարհը, ցավոք, խաղատան է վերածվել»։



























