Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար, հարգարժան Ջերի Փիլյը միացել է աշխարհի հայերին, եւ հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն, հանդիսավոր հիշատակի եւ աղոթքի համար։
«Մենք սգում ենք կորցրած կյանքերի, ոչնչացված համայնքների եւ սերունդների շարունակվող ցավի համար»,- հայտարարել է Փիլեյը։ «Սա ոչ միայն հիշատակի ակտ է, այլեւ կոչ խղճի առաջ, որը հիշեցնում է համաշխարհային հանրությանը մարդկային արժանապատվությունը, ճշմարտությունը եւ արդարությունը պաշտպանելու անհապաղ պատասխանատվության մասին»։
Փիլեյը նաեւ խոր մտահոգություն է հայտնել 2023թ․ Արցախից հայերի հարկադիր տեղահանման եւ տառապանքների առիթով, որոնք հանգեցրել են ողջ բնակչության զանգվածային արտագաղթին իրենց պատմական հայրենիքից։
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում բոլոր տուժածներին՝ աղոթք բարձրացնելով բուժման, պաշտպանության եւ իրավունքների ու արժանապատվության վերականգնման համար»,- ասել է նա։ «Միեւնույն ժամանակ, մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության եւ խաղաղության ուղղությամբ շարունակվող ջանքերը»։
Փիլեյն ընդգծել է, որ արդար եւ երկարատեւ խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի լիակատար հարգման վրա, ներառյալ տեղահանված անձանց անվտանգ եւ արժանապատիվ տուն վերադառնալու իրավունքը, կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ մարդու հիմնարար իրավունքների պահպանումը։
«Մենք նաեւ կոչ ենք անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր բանտարկյալներին»,- նշել է նա։ «Խաղաղությունը պետք է կառուցվի արդարության, ճշմարտության եւ հաշվետվողականության վրա, որպեսզի այն կայուն լինի»։
«Մենք աղոթում ենք հաշտեցման, ճշմարտության հաղթանակի եւ այնպիսի ապագայի համար, որտեղ նման ողբերգությունները երբեք չեն կրկնվի»,- եզրափակել է նա։




























