Չինաստանը կտրականապես դեմ է Hengli Petrochemical-ի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել նմանօրինակ սահմանափակումները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։
«Պեկինը սկզբունքորեն դեմ է միջազգային իրավունքում հիմքեր չունեցող ապօրինի սահմանափակումներին։ Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին վերջ տալ պատժամիջոցների չարաշահմանն ու «երկար ձեռքի» քաղաքականությանը»,- շեշտել է դիվանագետը՝ հավելելով, որ Չինաստանը հետևողականորեն պաշտպանելու է իր ձեռնարկությունների օրինական շահերը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել չինական խոշորագույն անկախ նավթավերամշակողներից մեկի՝ Hengli Petrochemical-ի դեմ՝ վերջինիս մեղադրելով իրանական նավթ գնելու մեջ։ Այս լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի օրը արժեզրկվել են 10%-ով։ Չինական ձեռնարկությունն արդեն հերքել է Թեհրանի հետ որևէ գործարքի առկայությունը։




























