Մենք շատ նամակներ ենք ստանում, մեզ շատերը հարցնում են, թե մենք ի՞նչ նկատի ունենք, երբ այս քարոզարշավին ընդառաջ ասում ենք, որ ռեմոնտադա լինելու է։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռեմոնտադան իսպաներեն բառ է, իսպանական ֆուտբոլային լոզունգներից է, և այն նշանակում է վերելք, վերադարձ և դա նշանակում է, ըստ էության, խաղի հաշվի մեջ մեծ տարբերությամբ պարտվելուց հետո հաղթանակի հասնել կամ ընդհանուր դիմակայության մեջ զիջելուց հետո դուրս գալ հաջորդ փուլ։ Հետաքրքիր է, չէ՞, հաջորդ փուլ դուրս գալ, ոչ թե մնալ պարտության փուլի մեջ, այն ինչ որ այսօր քարոզվում է Հայաստանում։

Այդ բառը հաճախ օգտագործվում է տպավորիչ կամային հաղթանակների համատեքստում։ Այսինքն երբ լինում է վերադարձ, լինում է վերափոխում։ Մենք մեր նախընտրական լոզունգների մեջ օգտագործել ենք հետևյալ կերպ. Ռեմոնտադա՝ պարտության հետևանքների չեզոքացում, քաղաքական վերածնունդ, Հայաստանի սուբյեկտայնության և հզորության վերականգնում։ Եվ այստեղ միանշանակ է, որ ամուր ինքնությունը մեր հայկական բովանդակության, մեր հայկական պետականության պաշտպանության թիվ մեկ վահանն է։ Դրանով ենք մենք պաշտպանվում թուրք-ադրբեջանական կամ այլ կողմերից մեզ վրա հարձակվող փափուկ ուժի դեմ։

Այս իմաստով շատերը հարցնում են, օրինակ ռեմոնտադա ասելով դուք ի՞նչ նկատի ունեք, նկատի ունենք քաղաքական վերածնունդ, քաղաքական համակարգի առողջացում, ֆունդամենտալ բարեփոխումներ։ Ռեմոնտադա ասելով մենք նկատի ունենք, որ մենք այս պարտության փուլից պետք է տեղափոխվենք հաջորդ փուլ, վերածննդի փուլ, վերափոխման փուլ, ոտքի կանգնելու փուլ, ուժեղանալու փուլ, հզոր պետականություն կառուցելու, իր բոլոր մոդելային համակարգերով, ինստիտուտներով։ Սրա մասին է խոսակցությունը գնում, և հետևաբար ռեմոնտադան մեծ վերադարձի մասին է»։