Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շրջանցող մեկնաբանություններ էին տալիս «Հանրապետություն» կուսակցության կողմից տարածված հայտարարությանը, ըստ որի կուսակցությունը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում կներկայացնի միայն Արամ Սարգսյանը`«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահը:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով այդ որոշմանն, ասաց. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել: Դա նույնն է, եթե մեր թեման այլ կուսակցություններ մեկնաբանեին: Բայց կարծում եմ, որ ըստ ՀԱԿ-ի հռչակագրի, մենք բոլորս անկախ կառույցներ ենք եւ յուրաքանչյուրն իրավունք ունի իր որոշումը կայացնել ու ներկայացնել»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ-ն եւս գնա նման քայլի, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Նման նպատակ չունենք, բայց նորից եմ ասում, որ հարգում եմ իրենց որոշումը»:

ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը նույն խնդրին անդրադառնալով նշեց. «Նորմալ եմ գնահատում «Հանրապետության» որոշումը: Իրենց կուսակցությունը, եթե այդպես է որոշել, ինչ կարող ենք այստեղ վիճարկել ու գնահատել: Դա իրենց կամքն է, մեկնաբանության հարց չկա»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԺԿ-ն եւս դիմի նման քայլի, ավելացրեց. «Մեր կուսակցությունը դեռ չի քննարկել: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց դա պետք է կուսակցության մշտապես գործող մարմինը որոշի: Եթե որոշի, այստեղ արտառոց որեւէ բան չկա»:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի խոսքով, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է ընտրում ընտրություններին իր մասնակցության ձեւը եւ որեւէ մեկնաբանության խնդիր այստեղ չկա: «Ես ինքս կայքերից տեղեկացա այդ հայտարարության մասին եւ չգիտեմ, թե նրանց հիմնավորումը ինչպիսին է: Վաղը կարող է մեր կուսակցությունն էլ մեր ձեւաչափը որոշի: Եթե կուսակցության առաջին դեմքը մասնակցում է, ուրեմն կուսակցությունը եւս մասնակցում է: Հիմա, եթե «Հանրապետությունում» որոշել են մանդատի խնդիր չդնել, այլ իրավիճակի փոփոխության, ապա այդ իրավիճակը փոխելուն մենք էլ ենք կողմանակից»,-ասաց նա:

Իսկ ահա ՀՀՇ-ից թե կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, թե փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, թե Վահագն Հայոցյանը խուսափեցին որեւէ կերպ արձագանքել «Հանրապետության» որոշմանը, պատճառաբանելով թե զբաղված են, կամ էլ խոստանում հարցին պատասխանել առավոտյան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, որում ասվում է. «Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները դիտարկում է որպես սահմանադրական կարգը վերականգնելու իրավական հնարավորություն: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական, բարոյահոգեբանական, մշակութաբանական խնդիրները, ժողովրդագրական օրեցօր սրվող իրավիճակը` մենք խորհրդարանական ընտրությունները համարում ենք հասարակության բոլոր խավերի հնարավորինս մեծ ընդգրկումով իշխանափոխության միջոց: Եվ քանի որ պատգամավորական մանդատների ձեռքբերումից առավել կարեւորում ենք համակարգային իրական փոփոխությունների իրականացումը` անհրաժեշտ ենք համարում, կուսակցության ողջ ներուժը առաջիկա քաղաքական գործընթացներում ներգրավելով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներկայացված լինել միայն ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի»:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, ՀԱԿ-ի ցուցակի 1-ին երեք տեղերում լինելու են, համապատասխանաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանարապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: