ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նախընտրական շրջանում նպատակահարմար չի համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բարձրացրած հարցի քննարկումը՝ կապված 44-օրյա պատերազմի վերաբերյալ Ազգային ժողովում փակ քննարկում կազմակերպելու հետ։ Այս մասին նա հայտարարել է 24 TV-ին տված հարցազրույցում։
Նախկին նախարարը, դրական բնութագիր տալով նախկին գործընկերոջը և հայտնելով, որ անցյալում նրանք լավ հարաբերություններ են ունեցել ու ինքն անձամբ է միջնորդել Գասպարյանի նշանակման համար, հավելել է, որ այժմ կապի մեջ չէ ԳՇ նախկին պետի հետ։ «Այն, ինչ ինքն արտահայտում է կամ հիմա առաջարկում է՝ իր խնդիրն է։ Ես հնարավորություն եմ ունեցել ելույթ ունենալ (ԱԺ) քննիչ հանձնաժողովի թե՛ փակ, թե՛ բաց նիստերին։ Հարցերին տվել եմ սպառիչ պատասխանները»,- նշել է Տոնոյանը՝ հավելելով, որ չի ցանկանում «կրկնել նույն սխալները» (նույն փոցխի վրա ոտք դնել)։
Ընդհանուր առմամբ, նախկին նախարարը Ազգային ժողովի կողմից արձագանք չի տեսնում և նախընտրական շրջանում նման քննարկումները նպատակահարմար չի համարում, քանի որ դրանք առիթ կդառնան քաղաքական, ոչ պրոֆեսիոնալ և ոչ կոմպետենտ շահարկումների համար: «Հանձնաժողովի արդյունքների մասին տեղեկատվություններ չունենք: Ես մինչ հիմա պահանջում եմ, որ ծանոթանամ այդ եզրակացությանը, սակայն պատասխան չկա»,- նշել է նախկին նախարարը՝ նկատի ունենալով այն, որ ԱԺ-ն այդպես էլ չի հրապարակել հանձնաժողովի զեկույցը:
Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի մեղադրանքներն ուղղված Գասպարյանին, ըստ որոնց՝ Շուշիին հասնող օգնությունն ուշացել է երկու օրով, Տոնոյանը նախըտրել է խուսափել պատասխանից՝ հայտարարելով, որ նպատակահարմար չի համարում մեկնաբանել մասնավոր դեպքերին առնչվող հարցերը:
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք ինքը գիտի՞ այդ հարցի պատասխանը, նախկին նախարարը նշել է. «Այդ հանգամանքները բոլորը քննված են և Գլխավոր շտաբում կա շատ հստակ վերլուծություն՝ բոլոր դեպքերի ու ամեն ինչի պատճառների վերաբերյալ: Որքան գիտեմ՝ Օնիկ Գասպարյանը հանձնաժողովում այդ մասին խոսել է»:
Խոսելով սեփական դատավարության մասին՝ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ այն ներկայումս գտնվում է դատական վիճաբանությունների փուլում: Նրա խոսքով՝ նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը կայացվել է դատավորի կողմից՝ չնայած թե՛ իր, թե՛ դատախազի առարկություններին:




























