Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկու շաբաթ առաջ հանձնարարել է իրականացնել «հատուկ նախագիծ»՝ ուղղված լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման անօդաչուների աճող սպառնալիքին հակազդելուն՝ հավելելով, որ «դա ժամանակ կպահանջի, բայց մենք կհոգանք դրա մասին», հայտնում է Times of Israel-ը:
Նրա մեկնաբանությունները հնչել են «Հըզբոլլահի»՝ պայթուցիկներով անօդաչու թռչող սարքերի կիրառման ակտիվացման ֆոնին, նշում է լրատվամիջոցը:
Անօդաչուները նաև հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գործող իսրայելական զորքերին՝ այս շաբաթվա սկզբին սպանելով մի զինվորի, իսկ երեկ՝ ծանր վիրավորելով մեկ ուրիշին:
Նեթանյահուն նաև նշել է, որ այսօր ավելի վաղ իսրայելական զորքերը ոչնչացրել են ««Հըզբոլլահի» ահաբեկիչների հսկայական թունելը», իսկ խմբավորման դեմ գործողությունները շարունակվում են ամբողջ Լիբանանում:
Նա հավելել է, որ զորքերը «քանդում են նրանց ահաբեկչական ենթակառուցվածքը և սպանում նրանց տասնյակ զինյալներին, և սա դեռ ամենը չէ»։ Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) գործում է Լիբանանի մի քանի շրջանում, որոնց թվում՝ «Լիտանիից հարավ, Լիտանիից հյուսիս [և] Լիբանանի հյուսիսում՝ Բեքաայի հովտում»։




























