Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն, այսօր` փետրվարի 24-ին, ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային եւ նրան ուղեկցող անձանց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ կողմերի փոխգործակցությունը համահունչ է Հայաստանի ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումներին:

Ոստիկանության պետը ներկայացրել է արդեն իրականացված փոփոխությունները` առանձնացնելով կենտրոնական ապարատի կադրերի օպտիմալացումը, աշխատանքի ակտիվացումը համայնքներում, տեսախցիկների եւ արագաչափ սարքերի միջոցով երթեւեկության վերահսկումը, պարեկային ծառայության կազմավորումը, նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման գործընթացը եւ այլ ուղղություններ:

Տրայան Հրիսթեան համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի եւ Հայաստանի ոստիկանությունն անհրաժեշտ աջակցություն կունենա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում, ինչը հատկապես կարեւոր է ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդման տեսանկյունից:

Ընդծելով հասարակության հետ տարվող աշխատանքը` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ դա ամենօրյա գործընթաց է, աշխատանք է տարվում նաեւ անձնակազմի հետ, կազմակերպվում են դասընթացներ, արդիականացվում է օրենսդրական բազան, ինչը վստահություն է ներշնչում, որ հասարակություն-ոստիկանություն կապն ավելի կսերտանա, իսկ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանությունը հավուր պատշաճի կկատարի հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները: