Այսօր` փետրվարի 24-ին, տեղի է ունեցել ՀՀՇ վարչության եւ ՀՀՇ հանրապետական խորհրդի համատեղ նիստը, որտեղ քննարկվել են առաջիկա ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի կազմում ՀՀՇ համամասնական ցուցակի կազմման սկզբունքներն ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների վերաբերյալ տարածքային կառույցների առաջարկները:

ՀՀՇ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀՇ վարչությունը եւ հանրապետական խորհուրդը քննարկել է նաեւ մարտի 1-ին Ազատության հրապարակում անցկացվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական աշխատանքները: Քննարկվել է նաեւ  փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ-ում 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ՀՀ ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի մոտ հանրահավաքին մասնակցելու հարցեր:

Նիստի ժամանակ ՀՀՇ վարչությունն ընդունել է հայտարարություն` Հայ ազգային կոնգրեսի անդամ ՍԴՀԿ կուսակցության հանդեպ վերջին շրջանում իշխանությունների ապօրինի ոտնձգությունների վերաբերյալ:

Ստուեր ներկայացնում ենք ՀՀՇ վարչության նշված հայտարարությունը.

«Արդարադատության նախարարությունը` ոտնահարելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա գրանցել է նոր Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, առանց չեղյալ համարելու գոյություն ունեցող նույնանուն կուսակցության փաստաթղթերը եւ կնիքը` խառնաշփոթ մտցնելով քաղաքական դաշտում:

ՀՀՇ կուսակցության վարչությունը հայտարարում է`

1. Հայտնում ենք մեր աջակցությունը  իրական ՍԴՀ կուսակցությանը /ատենապետ` Լյուդմիլա Սարգսյան/:

2. Հնչակյան կուսակցության նկատմամբ ոտնձգությունները համարում ենք Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցության բնականն գործունեության խոչընդոտում, որը կասկածի տակ է դնում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար իրականացնելու իշխանության հայտարարությունները»: