Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, փետրվարի 25-ին, դժբախտ պատահարի հետեւանքով մահացած 22-ամյա Գարիկ Աղջյանը մահացել է անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը:

«Աշխատանքի ընթացքում, հանքաքար հանելու ժամանակ, էլեկտրաքարշի անտոգրաֆը հետ է թեքվել, մեքենավարի օգնականը բոլոր տեսակի անվտանգության կանոնները խախտելով, չմտածելով իր սեփական կյանքի մասին, ամբողջ մարմնի կեսից ավելին դուրս է հանել շարժվող էլեկտրաքարշից, ընթացքի ժամանակ` առանց կանգնեցնելու եւ գլխով հարվածել է պատի քարերին, ինչի հետեւանքով սաղավարտն ընկել է, գլուխը հարվածել քարերին ու ջարդվել»:

22-ամյա տղան եղել է մեքենավարի օգնականը: Վարորդը նկատել է, թե ինչ է կատարվում, բայց ինչպես Գագիկ Շահնազարյանն է ասում. «Իրենց խելքը չի բավարարել, որ էլեկտրաքարշը կանգնեցնեն, թեքված անտոգրաֆն ուղղեն ու հետո նոր շարժվեն»: Փաստորեն ստացվում է, որ աշխատակիցների մի մասը չի տիրապետում անվտանգության նվազագույն կանոներին, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը:

Տնօրենի հիշելով, 22-ամյա Գարիկ Աղջյանը կոմբինատում երեք ամիս է, ինչ աշխատում էր. «Նա դեռ փորձաշրջան էր անցնում»:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Գարիկ Աղջյանի հարեւան Մուրադ Մանուկյանը պատմեց, որ ընտանիքը Ախթալա է տեղափոխվել մոտ 5 տարի առաջ: Գարիկի հայրը երկու տարի առաջ էր մահացել, մայրը չարորակ ուռուցք ունի, իսկ եղբայրը, որ Գարիկից փոքր է, չի աշխատում:

Մոր բուժման համար պահանջվող դեղերի գումարն ունենալու համար էլ տղան անցել էր հանքում աշխատանքի, քաջ գիտակցելով աշխատանքի վտանգավորության աստիճանը:

«Ես էլ մինչեւ 30 տարեկան դառնալս չեմ գնացել հանքում աշխատելու. վախենում էի, մեծերն ասում էին, որ հանքը վտանգավոր է»,-ասաց նա: Մեկ այլ հարեւանի էլ զայրացրել էր այն հանգամանքը, որ տարիներ առաջ հանքում թույլ չէին տալիս 30-ից ցածր տարիք ունեցող աշխատակից պահել, իսկ հիմա, ոչ տարիքն են հաշվի առնում, ոչ էլ` աշխատանքային փորձը:

Ախթալեցիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նաեւ, որ Գարիկը մեկ շաբաթ առաջ էր իր համար ռետինե «սապոգ» գնել, իսկ ձեռնոցներն աշխատակիցներն էին տվել: Նրանց փոխանցմամբ, սա եւս մեկ անգամ հաստատում է, որ աշխատակիցներին որեւէ արտահագուստ չի տրվում: Այս ամենը, սակայն, լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի գծով տնօրեն Գարիկ Շահնազարյանը հերքեց, մատնացույց անելով մահացած երիտասարդի սաղավարտը, որն այս պահին գտնվում է քննչական բաժնում որպես իրեղեն ապացույց:

Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը

 Լուսանկարները` հեղինակի