Հայաստանում Իտալիայի դեսպանությունում, փետրվարի 28-ին, կկայանա «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» հայերենով եւ իտալերենով հրատարակված կատալոգի շնորհանդեսը: NEWS.am-ին Հայաստանում Իտալիայի դեսպանությունից հայտնեցին, որ կատալոգի տպագրությունն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանում Իտալիայի դեսպանությունը:
Գիրքն առաջին անգամ ցուցադրվել է 2011 թ. դեկտեմբերի 14-ին Վենետիկում կայացած «Հայաստան, քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:
Նշենք, որ կատալոգում ներկայացված են Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գտնվող 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի կողմից ստեղծված որմնանկարները, որոնց լուսանկարչական ցուցահանդեսը «Իտալերենի համաշխարհային 10-րդ շաբաթվա» շրջանակներում կայացել է 2010 թ. հոկտեմբերի 18-ին` ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում: Շնորհանդեսին կհետեւի ընդունելություն` ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիի կողմից:




























