Երեւանի առողջապահական հաստատությունների արդիականացման եւ զարգացման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով ներկաներին, նախ կարեւորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարեւոր ցուցիչն է:
«Ծառայությունների որակի հետեւողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք «ոչ մի բողոք քաղաքացիներից» սկզբունքով»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաեւ Գր. Նարեկացի եւ Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձեւով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով: «Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը եւս նպաստելու է քաղաքացիերի սպասարկման որակի բարելավմանը»,- շեշտել է քաղաքապետը:
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին, Տարոն Մարգարյանը առանձնակի կարեւորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը:
«2012 թվականին առողջապահական ոլորտի առաջընթացը նաեւ ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաեւ նոր ներդրողներ ներգրավելով»,- նշել է Տարոն Մարգարյանը:




























