«Շիրակ Կենտրոնի» պատրաստած Գյումրիի մերձակայքում գտնվող Վարդբաղ տարածքում պատսպարված երկու ծայրահեղ աղքատ ընտանիքների մասին պատմող տեսանյութի ու բաց նամակի հետքերով Շիրակի մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ եւ Գյումրիում գործող բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր այցելել եւ օգնություն են ցուցաբերել այդ ընտանիքներին:

Խոսքը «Սովի եւ աղքատության մատնված երեխաների պատմություն» տեսանյութի եւ փետրվարի 24-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Գյումրիի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթեւան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու եւ երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու խնդրի մասին հղած բաց նամակի մասին է:

Բաց նամակում նշված 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանի` սովամահության եզրին հասած երեխաներին էլ մարզպետարանի աշխատակիցները տեղափոխել են մանկատուն:

Տեսանյութում ներկայացված 25-ամյա Աննա Սիմոնյանի 7-ամյա դստերը, ով թեեւ բավականին կենսուրախ եւ խելացի երեխա է, սակայն անհասկանալի պատճառներով հաճախում էր Գյումրիի մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոց` այսօր «Շիրակ Կենտրոնի» ջանքերով տեղափոխվել է Գյումրիի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:

Գյումրիի սոցիալական ծառայության ղեկավարները մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հավաստիացումներ տվեցին, որ ՀՀ սոցապ նախարարի հանձնարարականով կվերականգվի այդ ընտանիքների սոցիալական նպաստը: