Թերթը զրուցել է Հանրապետական խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ.

Ներկոալիցիոն հարաբերությունները չեն դադարում քննարկվել մամուլի էջերում: Այստեղ ամեն ինչ կարգի՞ն է:

Հենց այն, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը առանձին ընտրացուցակներով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ դատապարտելի են հայտարարել քարոզչական անպատշաճ հնարքներ կիրառելու գործելաձեւը, լավագույնս են հաստատում, որ կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր համակիրների բանակը, իր ընտրազանգվածը եւ վստահ է, որ հաջողության է հասնելու:

Սա քաղաքական ողջունելի քայլ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ կոալիցիոն հուշագիրը եւ բոլոր փոխհամաձայնությունները ուժի մեջ են մնում: Բնականաբար նախընտրական մրցակցություն է լինելու, սակայն մենք չենք փորձելու քաղաքական էժան ու կեղծ դիվիդենտներ շահել՝ մեկս մյուսին քննադատելու կամ վատաբանելու միջոցով:

Ես այս պայմանավորվածությունը համարում են քաղաքական մշակույթի բարձր ու ընդօրինակելի աստիճան: Հավատացած եմ, որ քաղաքական հանդուրժողականության դիրքերից եւ սեփական աշխատանքը ներկայացնելու միջոցով վարվող ընտրական մրցակցությունը շատ ավելի օգտակար կլինի, որպեսզի ժողովուրդը կարողանա ճշգրիտ ու համոզված ընտրություն կատարել:

Պարոն Մելիքյան, կոալիցիոն հուշագիրը մինչեւ ե՞րբ է մնալու ուժի մեջ: Կարո՞ղ է ընդունվել նոր հուշագիր։

Թեեւ մամուլում շատ է խոսվում այդ մասին, սակայն չեմ կարծում, թե կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու կամ նոր հայտարարություն անելու որեւէ անհրաժեշտություն կա: Համենայն դեպս հավաստիացնում եմ, որ նման ոչ մտադրություն, ոչ էլ քննարկում չկա: Չեմ էլ կարծում, թե կարող են լինել այնպիսի զարգացումներ, որ նման անհրաժեշտություն առաջանա: Իսկ կոալիցիոն համագործակցությունը կշարունակվի առնվազն մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը:

Կոալիցիոն պայմանավորվածությունները նաեւ մեծամասնական ընտրակարգի՞ն են վերաբերում: Կոալիցիան մեկը մյուսի դեմ թեկնածուներ չի՞ առաջադրելու:

Մեծամասնական առաջադրումների շուրջ կոալիցիոն պայմանավորվածություններ չկան, սակայն այս պարագայում, անկախ այն բանից, թե ովքեր կառաջադրվեն, թերեւս անհրաժեշտ կլինի պահպանել քաղաքակիրթ քաղաքական մրցակցության ընդհանուր չափանիշները: Միանգամայն կանխատեսելի է, որ նույն ընտրատարածքում կարող են մրցակցության ու ընտրապայքարի մեջ մտնել Հանրապետականի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի, նաեւ այլ թեկնածուներ: