«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի բիզնեսն իր բիզնեսը չէ, նա տնօրեն է դարձել հանգամանքների բերումով: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը` Նարեկ Հարթունյանը, հավելելով, որ տնօրենի պաշտոնը 2003-ին ստանձնել է, որովհետեւ այն մարդկանց ում լիազորել եւ վստահել էին, չարաշահել էին այդ վստահությունը (ֆոտոռեպորտաժ):
Նա նշեց, որ ինքը չարամտորեն հարկերից խուսափող մարդ չի եղել, ոչ էլ կարող է լինել: «Թող լինի արդար վճիռ դատարանով եւ մենք այդ հարկերը վճարենք: Ավելին, քանի որ սառեցրել են մեր բոլոր հաշիվները, բայց այդ հաշիվներում կա գումար եւ մենք ունենք հարկային պարտավորություններ, դիմել ենք եւ խնդրել, որ թույլ տան վճարումներ անել, բայց դատախազը մերժել է մեզ»,-ասաց նա:
Նարեկ Հարթունյանը տեղեկացրեց, որ իրենից առաջ տնօրինությունը հանձնված է եղել Սեւակ Արծրունիին եւ Արտյոմ Մարտիրոսյանին: «Իրենք ո՞ւր են, ինչու նրանց նկատմամբ մեղադրանք չի առաջադրվում: Շատ տարօրինակ է եւ ակնհայտորեն նրանք համագործակցում են քննիչների հետ: Մեկ տարուց ավելի է, ինչ մեր կյանքը ուտում են»,-ավելացրեց Նարեկ Հարթունյանը, հավելելով, որ իրենց արգելել են ապրանք ներմուծել եւ ապրանքերը մնում են ճանապարհին: Նա կոչ արեց բոլոր սփյուռքահայերին եւ հայ մտավորականներին, որ ուշադրության կենտրոնում պահել այս գործը, որ լինի արդարություն:
«Կարող է, օրինակ, Քըրք Քրքորյանը մի խորհուրդ կազմել, որ հետեւի այս գործերին: Իսկ այն մարդկանց, ովքեր ղեկավար պաշտոններ ունեն եւ չարաշահում են իրենց դիրքը, ես կոչ կանեի, որ վճիռ կայացնելուց առաջ ձեռքը դնեն իրենց սրտին եւ հարցնեն. «Արդա՞ր է, թե` հարամ այս վճիռը»: Ի վերջո ուշ չէ զղջումը եւ Տերը ներում է, եթե զղջումն արդար է»,- ավելացրեց Նարեկ Հարթունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն փոխվել է նրանց խափանման միջոցը եւ նրանք ազատ են արձակվել:
Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի




























