«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի դեմ հարուցված քրեական գործը լեփ լեցուն է զանազան ամենակոպիտ խախտումներով: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով, քրեական գործից դուրս են մնացել հենց այն երկու հոգին, ովքեր, բոլոր տվյալներով, պետք է պատասխանատվություն կրեին, եթե իսկապես տեղի է ունեցել հարկերից չարամտորեն խուսափում:

Փաստաբանի ներկայացմամբ, այդ մարդիկ են Արտյոմ Մարտիրոսյանը եւ  Սեւակ Արծրունին: «Այդ երկուսը, շատ տարօրինակ ձեւով, գործից դուրս են մնացել, բայց այդ երկու հոգու ցուցմունքների վրա է կազմված մեղադրանքը, որի միջոցով փորձում են սլաքն իրենց վրայից ուղղել անմեղ մարդկանց վրա: Դա տարօրինակ ձեւով իրենց հաջողվում է»,-ասաց Հայկ Ալումյանը, հավելելով, որ իրենք պահանջում են նաեւ, որ փոխվի գործով դատախազ Բագրատ Պետրոսյանը:

Փաստաբանը հայտարարեց, որ եթե Հայաստանի բոլոր ատյանները սպառելով չկարողանան արդարության հասնել, կդիմեն Եվրոպական դատարան:

Նշենք, որ Սեւակ Արծրունին եղել է «Նարեկացի» արվեստի մության տնօրենը Նարեկ Հարթունյանից առաջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն փոխվել է նրանց խափանման միջոցը եւ նրանք ազատ են արձակվել: