Հայաստանի ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի եւ Մշակույթի նախարարության ղեկավարներն, այսօր` փետրվարի 28-ին, հանդիպել են հրատարակիչների եւ գիրք տարածողների ազգային ասոցիացիաների անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրավիրվածներին հանգամանորեն ներկայացրել է գրքի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն առնչվող հարցերը:
Մասնավորապես, նշվել է, որ 2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ չի կատարվել հրատարակչական ոլորտին կամ գրքերի առք ու վաճառքի ոլորտին վերաբերող որեւէ փոփոխություն, որը կարող էր հանգեցնել հրատարակչական գործունեությամբ կամ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը, հետեւաբար նաեւ գրքերի վաճառքի գների բարձրացմանը:
2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ` մասնավորապես «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքում, կատարվել են ընդհանուր նշանակության օրենսդրական փոփոխություններ` կապված միջնորդական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման մոտեցումների հետ: Սակայն նշյալ փոփոխությունների արդյունքում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթների ճիշտ կիրառության պարագայում ինչպես հրատարակչական գործունեությամբ, այնպես էլ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ստիպված չեն լինի վճարել որեւէ լրացուցիչ հարկ:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ գործող օրենքում առկա վերոնշյալ կարգավորումների մասին հրատարակիչների եւ գիրք տարածողների ազգային ասոցիացիաներին կտրամադրվի պաշտոնական պարզաբանում:




























