Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում այսօր` փետրվարի 28-ին, մասնակցել է Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր եւ Կարճաղբյուր համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ժողովին: NEWS.am-ին Գյուղատնտեսության նախարարությունից հայտնեցին, որ նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում արդեն ստեղծվել են 33 կոոպերատիվներ:
«Հացահատիկի շտեմարան համարվող Գեղարքունիքի մարզը արոտավայրերի արդյունավետ օգտագործման պարագայում կարող է լուրջ առաջընթաց ունենալ նաեւ անասնապահության ոլորտում: Կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, կբարեկարգվեն ճանապարհները, կկառուցվեն խմոցներ, կլուծվի ջրարբիացման եւ կաթի մթերման կայանների հարցը: Ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը տոհմային գործի բարելավումն ու մթերատվության բարձրացումն է, որը պետք է կայանա արհեստական սերմնավորման ճանապարհով»,- ասել է նախարարը` ծրագրի իրականացման համար կարեւոր նախապայման դիտարկելով կոոպերատիվների ստեղծումը:
«Խնդիրները շատ են, սակայն հանրապետության նախագահի հանձնարարությամբ հաջողվել է լուծել դրանց մի մասը: Կառավարության կողմից իրականացված ծրագրերի ու հետեւողական աշխատանքի շնորհիվ անցյալ տարի մեզ հաջողվեց ոլորտում ապահովել 14,1 տոկոսանոց աճ: Նման ծրագրերը լինելու են շարունակական: Այս տարի գյուղացին ազոտական պարարտանյութի 1 պարկի դիմաց կվճարի 6000 դրամ: Մնացած գումարը կսուբսիդավորի պետությունը: Ավելին, այն կհասցվի մինչեւ համայնքներ: Նույնը վերաբերում է նաեւ դիզվառելիքին, որի 1 լիտրի համար գյուղացին կվճարի 350 դրամ, մնացած մասը կսուբսդավորի պետությունը: Աշնանը կշարունակվի գյուղացիական տնտեսությունների հացահատիկի էլիտար սերմացուի բաշխումը, իսկ ապրիլ ամսից կմեկնարկի ցածր տոկսադրույքներով վարկրի տրամադրումը»,- նշել է նախարարը:




























