Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ ԱԺ-ում քննարկվող օրենսդրական փաթեթի հիմնական նպատակն է սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, նշել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացմանն առնչվող կազմակերպչական հարցեր, անդրադարձ է եղել գարնանային հնարավոր հեղեղումների խնդրին:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է աշխատել ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ` գարնանային հեղեղումների դեպքում հնարավոր խնդիրները կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:
Մարզպետներին ներկայացվել են նաեւ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված նրանց անելիքները: Փոխվարչապետը հորդորել է օրենքով սահմանված պարտավորությունները կատարել ըստ ժամանակացույցի եւ պատշաճ մակարդակով:




























