Ազգային Ժողովի պատգամավոր, օրերս «Օրինաց երկիրը» լքած Գագիկ Բաղդասարյանը միայն մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հնարավորություն ունի: Այդ մասին պատգամավորն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Քանի որ որեւէ կուսակցության անդամ չեմ այս պահին, կարող եմ առաջադրվել մեծամասնականով Աջափնյակ համայնքում: Առայժմ մտածում եմ, որովհետեւ դա էլ այդպես միանշանակ չէ: Իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մտածելու շատ բան ունեմ»,- նշեց Բաղդասարյանը:
Հարցին, հնարավոր է, որ անդամակցի որեւէ կուսակցության կամ որպես անկուսակցական ընդգրկվի համամասնական ցուցակներում, նա պատասխանեց. «Չեմ կարծում»: Վերջինս կտրականապես բացառեց «Բարգավաճ Հայաստանին» անդամակցելու հնարավորությունը: Գագիկ Բաղդասարյանը շատ ջերմ հարաբերություններ ունի դաշնակցականների, «Ժառանգության», ՀՀԿ-ի հետ, պատրաստ է Աջափնյակի ընտրատարածքում սատարել ՀՅԴ-ին: «Դա գաղտնիք չէ, եւ իմ անձնական շփումներից էլ երեւում է, թե ինչ հարաբերություններ ունեմ այդ կուսակցության հետ»,- նշեց պատգամավորը:
Գագիկ Բաղդասարյանը նկատեց, որ Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում թեժ պայքար է ընթանալու. «Բավական թեժ, եւ ես պետք է իմ ուժերը լուրջ գնահատեմ եւ հասկանամ: Եթե պիտի մասնակցեմ զուտ մասնակցելու համար, նման բան չեմ անի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տվյալ ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը, ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, նախկին պատգամավոր Մանվել Նազարյանը:




























