Լոռիի մարզի հունաբնակ Յաղդան համայնքում վարելահողերի մեծ մասը մշակվում են «Հոնայկա» ՍՊ ընկերության կողմից, որը ստեղծվել է 1999թ-ին Յաղդանի գյուղապետի առաջարկով: «Դեռ այն ժամանակ գյուղի հողերը գյուղացիները չէին մշակում, բայց հողակտորներն ամբողջությամբ սեփականաշնորհված էին, փաստաթղթերով վարձակալեցինք, այսօր կարտոֆիլ ու ցորեն ենք ամբողջությամբ ցանում»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց «Հոնայկա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արամ Ջանջուղազյանը:
Նրա փոխանցմամբ, ներկայումս հողագործությամբ զբաղվող տնտեսությունը հոգում է ոչ միայն հողերի անմշակ չմնալու խնդիրը, այլ նաեւ լուծում է տասնյակ ընտանիքների աշխատատեղի հարցը: Այս ամենին զուգահեռ նախորդ տարի համայնքը լուրջ վնասներ է կրել կարկտահարությունից, քանի որ Ստեփանավանի տարածաշրջանը գտնվում է ռիսկային գոտում, իսկ տարածաշրջանում չկա տեղադրված գոնե մեկ հակակարկտային կայան:
«Բերքի իրացման խնդիր չունենք, որ նեղվենք, մեր առաջին խնդիրն այսօր հակակարկտային կայանների բացակայությունն է, որն էլ լինելու դեպքում ակնհայտ առաջխաղացում կունենանք»,-ասաց նա, հավելելով, որ 2 տարի առաջ իրենք շուրջ 400 տոննա ցորենի վնաս են կրել, իսկ վնասները փոխհատուցելու համար վաճառել են շուրջ 400 գլուխ ոչխար:
Կոլեկտիվ տնտեսություններն առաջ տանելու համար ըստ «Հունայկա» ՍՊԸ-ի տնօրենի, անհրաժեշտ է պետական հատուկ մոտեցում, այն է էժան գներով տեխնիկայի տրամադրում, իսկ ներկա դրությամբ կառավարության կողմից տրամադրվող տեխնիկայի գները շատ թանկ են ու ու ոչ ձեռնտու:
«Մեր տեղը գիտեն, այս տարի գյուղում չմշակվող հող չկար, եթե տեխնիկայի խնդիր չլիներ, մեր ծախսերը ակնհայտ կքչանային, բայց հիմա մենք տեխնիկայի բացակայության պայմաններում լուրջ վնասներ ենք կրում, իսկ կառավարության առաջարկած տեխնիկան բավականին թանկ է»:






Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























