2012 թ. կավարտվի «ՀՀ-ում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը: Այդ մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:
Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հետ համատեղ` 2009 թվականից: Ծրագրի իրականացման հիմնական ժամկետն ավարտվել է 2011 թ. դեկտեմբերի 31-ին: Գլոբալ հիմնադրամի կանոններով` հիմնական ժամկետին ավելացվում է 9 ամիս լրացուցիչ ժամանակահատված` ավարտելու ծրագրային պարտավորությունները:
ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել այդ ծրագրի շրջանակներում չծախսված 54.5 մլն դրամի բաշխումը: Հետաքրքիր է, որ սույն որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում թվարկված է 3 անգամ:
Ծրագրով մասնավորապես առաջարկվում է նորոգել դատապարտյալների հիվանդանոցի տուբերկուլյոզի ախտորոշման լաբորատորիան, գնել տուբերկուլին դեղամիջոցը եւ այլն:
Ըստ պաշտոնական վիճակագրության` տուբերկուլյոզով հիվանդների թիվը Հայաստանում վերջին տասնամյակում նվազել է` 2009 թ. հասնելով 3446-ի, 2005 թ. 6455-ի համեմատ (ավելի թարմ տվյալներ բացակայում են):




























