Վանաձորի բազմաբնակարան շենքերում ավելացել են կրծողները: Այս մասին հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը` քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ անդրադառնալով քաղաքի կենցաղային եւ սանիտարական մաքրության խնդրին:

«Շատ մտահոգիչ է բարձրահարկ շենքերի աղբամուղերում եւ աղբախցիկներում մեծաքանակ կրծողների առկայության փաստը»,-ասել է նա: Քաղաքապետը հանձնարարել է  համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետին Սամվել Դարբինյանը հանձանարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել ինչպես աղբարկղերի շրջակայքին, այնպես էլ սառցակալած մայթերին ու բարձրահարկերի աղբատարերին:

Տեղեկացվել է, որ անցած շաբաթ վնասազերծվել է 23 թափառող կենդանի: Կատարվել են գիշերային լուսավորության վերականգնման աշխատանքներ մի շարք փողոցներում: Մասնավորապես՝ Տավրոս թաղամասի Լեռնային փողոցում տեղադրվել է 9 լուսատու, աշխատանքներ են տարվել Լոռվա հրապարակում, Լոռվա էստակադայում տեղադրվել է 13 լուսատու, 3 անգամ կատարվել է լուսացույցերի սպասարկում: