Սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող Քյարամ Ամոյանը, ով «Եզդի Ճակոյի» քրոջ որդին է, վատառողջ վիճակում Էրեբունի բժշկական կենտրոնից տեղափոխել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Քյարամ Ամոյանի մարը` Կարինե Ամոյանը: Նա դժգոհեց, որ որդուն նույնիսկ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու հույսեր էլ չեն տալիս: «Քյարամս, ոչ կարողանում է ինքնուրույն քայլեր, ոչ ուտել, ոչ խմել: Հիմա երեխաս հաց չի ուտում, ստույգ հրաժարվել է սնվելուց»,- նշեց Կարինե Ամոյանը եւ ավելացրեց, որ իրենց դժգոհությունը եզդիների հետ միասին բարձրաձայնելու են նախագահական նստավայրի մոտ:
Ավելի ուշ զրուցեցինք ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով ասաց, որ Քյարամ Ամոյանը 21 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո բժիշկների կողմից դուրս է գրվել: Ներկա պահին նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում բժիշկների անմիջական հսկողության տակ:
Գոռ Ղլեչյանի ներկայացմամբ, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատվում, իսկ հացադուլ չի հայտարարել: «Անհրաժեշտության դեպքում, եթե բժիշկները գտնեն, որ պետք է տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց», կտեղափոխենք»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող 19-ամյա Քյարամ Ամոյանին, ով նաեւ «Եզդի Ճակոյի» քրոջ որդին է, արյան զեղումով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:




























