Ինչ-որ մեկին ձեռնտու է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արհեստական իրարանցում առաջացնի եւ սեպ խրի վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի եւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի բարիդրացիական հարաբերությունների միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Քոթանջյանը արձագանքելով այն լուրերին թե ինքը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ վատ հարաբերությունների մեջ է, հետեւաբար, հրաժարվել է նրա կողմից այդ շրջանում պատգամավորի թեկնածու առաջարկված ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի օգտին աշխատել:
Նա հայտարարեց, որ չի հաջողվի այդ սեպը խրել իրենց հարաբերությունների մեջ: «Կա կոնկրետ համախմբած աշխատանք, որով ցանկանում են կազմաքանդել իրավիճակը, բայց չի ստացվի: Ես չեմ հասկանում ինչպես կարող են մտածել, որ վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավարը կարող է հանկարծ պաշտպանել մեկ այլ թեկնածուի: Վերջիվերջո կուսակցական կարգապահություն կա, ես հո երեխա՞ չեմ»,- նշեց Արայիկ Քոթանջյանը:
Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանի հետ հարաբերություններին, նա ասաց. «Միհրան Պողոսյանի հետ երբեւէ վատ հարաբերություններ չեմ ունեցել եւ շարունակում եմ լավ հարաբերություններ ունենալ: Ինչ վերաբերում է Արթուր Ստեփանյանին, ես ամեն օր նրա հետ հանդիպում եմ եւ կուսակցության գրասենյակում նա ինձ հետ է լինում: Մեր հանդիպմանը ներկա են լինում բազմաթիվ կուսակցական ընկերներ եւ այնպես չէ, որ մենք երկուսով ենք հանդիպում եւ այդ հանդիպումները գաղտնի ենք պահում: Բայց ստացվում է, որ մարդիկ մի բան տեսնում են, մեկ այլ բան` կարդում»:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ի թեկնածուն Արթուր Ստեփանյանն է կամ նա շանսեր ունի ՀՀԿ-ի թեկնածուն լինելու, Արայիկ Քոթանջյանն արձագանքեց. «Որոշումը դեռ կայացված չէ: Ընտրությունն ում վրա կանգ առնի, մենք նրան էլ կպաշտպանեք: ՀՀԿ համագումարից հետո այդ հարցը պարզ կլինի»:




























