ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված ՄԱԿ-ի գրասենյակին, որտեղ պահանջում են դատապարտել Ադրբեջանի իրականացրած սումգայիթյան եւ մյուս բոլոր ոճրագործությունները:

Հայտարարության մեջ ասվում է.

«1988 թ-ի փետրվարի 27-29-ը սեւ գույնով ներկվեց Հայ ժողովրդի պատմության մեջ: Ադրբեջանի իշխանությունները, փորձելով ճնշել եւ ծնկի բերել հայ ժողովրդին, Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվեց նրանց ունեցվածքի թալանով: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրում սպանվեց ավելի քան 100 մարդ: Միջազգային հանրության լռությունը նպաստեց 1990 թ-ի հունվարին Բաքվի կոտորածների իրականացմանը: 1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձան ավելի քան 700.000 հայեր: 2004 թ-ին ադրբեջանցի մարդասպանը, շարունակելով իր նախնիների ոճրագործությունը, սպանում է քնած հայ զինվորին եւ դառնում հերոս Ադրբեջանում: Տասնյակ հայ զինվորներ պարբերաբար զոհվում եւ վիրավորվում են ադրբեջանցի «զինվորների» արձակած գնդակներից:

Փետրվարի 23-ին խորը ցավով տեղեկացանք, որ ադրբեջանցի դիպուկահարների արձակած գնդակից զոհվել է մեր սիրելի ընկերը` ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ժամկետային զինծառայող, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ալբերտ Ադիբեկյանը:

Մեր խորին համոզամբ` թե՛ սումգայիթյան ցեղասպանությունը, թե՛ Գուրգեն Մարգարյանի եւ թե՛ Ալբերտ Ադիբեկյանի սպանությունները տեղի ունեցան մի պարզ պատճառով. նրանք սպանվել են միայն այն բանի համար, որ հայ են: Վստահ ենք, որ եթե այսքանից հետո էլ միջազգային հանրությունը չասի իր խոսքը եւ չդատապարտի Ադրբեջանի այս ոճրագործությունները, ապա մենք ականատես կլինենք նորանոր ջարդերի ու սպանությունների: Մենք` Երեւանի պետական համալսարանի ուսանողներս, պահանջում ենք Միավորված ազգերի կազմակերպությունից դատապարտել Ադրբեջանի իրականացրած բոլոր ոճրագործությունները եւ ստիպել վերջինիս հարգել 1994 թ-ին իր իսկ կողմից ստորագրած զինադադարի պայմանագիրը` հակառակ պարագայում դուք եւս ձեր վրա եք վերցնում տեղի ունեցած ոճրագործությունների պատասխանատվությունը»: