Հայաստանյան մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ առաջադեմ երկրների կառավարություններին կոչ են անում 1988թ. փետրվարին Սումգայիթում Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած բռնությունները որակել եւ միջազգայնորեն ճանաչել որպես ցեղասպանություն:

Հայտարարության մեջ ասվում է.

«Փախստականների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներս, այսօր մասնակցելով 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայահալած, արյունալի ոճրագործությունների տարելիցի առթիվ կազմակերպված բազմամարդ սգո երթին եւ ոգեկոչման արարողությանը` մեր միասնական, արդարացի բողոքն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից տակավին շարունակվող ուրացման քաղաքականության եւ զեղծարար գործելաոճի հանդեպ:

Մենք միաժամանակ ակնկալում ենք աշխարհի ողջ ժողովրդավար հանրության եւ առաջադեմ երկրների արդարամտորեն խիստ, իրատեսորեն համարժեք եւ նախանձախնդիր գնահատականը` լուսավորյալ 20-րդ դարում հայ ժողովրդին` մարդատյաց հարեւանների ջանքերով, երիցս պատուհասած արյունալի, հայատյաց, զանգվածային բարբարոսությունների վերաբերյալ: Իսկ դրանք այնքան ցայտուն եւ ակնհայտ են, որ չի զգացվում լրացուցիչ ապացույցների կարիք: Այսպես. 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիների արյունալի բարբարոսություններին զոհ են գնացել բացառապես ազգությամբ հայ 100-ից ավելի խաղաղ քաղաքացիներ: Նրանց գերակշիռ մասը խոշտանգվել ապա եւ ուղղակի ողջակիզվել է արյան ծարավի աբոխի աչքի առջեւ: Ավելի քան 18 հազար խաղաղ հայեր ենթարկվել են դաժան ծեծի եւ կտտանքների, որից հետո վտարվել են իրենց տներից եւ զրկվել ունեցվածքից: Իսկ զոհի ընտրոթյան միակ չափանիշը եղել է տվյալ անձի ազգային պատկանելիությունը: Հանգամանք, որը բազմիցս խոստովանել են հենց իրենք` Ադրբեջանի անցյալ եւ ներկա իշխանավորները:

Մենք համոզված ենք, եւ դրա համար առկա են բոլոր հիմքերը, որ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված արյունալի ոճրագործությունները հետապնդել են մեկ նպատակ` ի սպառ բնաջնջել հայկական տարրը Ադրբեջանի ողջ տարածքում: Հետեւապես, ելնելով ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի ենթարկելու մասին» կոնվենցիայից, մենք` Հայաստանում հավատարմագրված դեսպանատների եւ միջազգային կառույցների միջոցով, դիմում եւ հորդորում ենք առաջադեմ երկրների Կառավարություններին եւ աշխարհի բոլոր ազնիվ մարդկանց` 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած բռնությունները որակել եւ միջազգայնորեն ճանաչել որպես ցեղասպանություն»:

Հայտարարությանը միացել են հետեւյալ կազմակերպությունները.

1. Հայ փախստականների «Ահազանգ» հ/կ նախագահ Գրիշա Օգանեղով

2. «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյան

3. «Գարդմանա երկիր» հ/կ նախագան Ալեքսանդր Տերյան

4. «Ղարաբաղ» բռնագաղթվածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հ/կ նախագահ Սիրվարդ Գալստյան

5. «Զանգեզուր» զոհված ազատամարտիկների հ/կ նախագահ Արամ Մելքումյան

6. «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Միքայել Արամյան

7. «Երեւանի զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների սոցիալապես անապահով ընտանիքներ» հ/կ նախագահ Ալբինա Առաքելյան

8. «Ագրարիի» փախստական-ֆերմերների միություն,, բարեգործական հ/կ նախագահ Նելի Ղուկասյան

9. ,,Երջանիկ,, մանկական-բարեգործական հ/կ նախագահ Իննա Ակոպովա

10. «Պոտենցիալ» փախստական-մտավորականների միություն,, բարեգործական հ/կ նախագահ Կարինե Ասատուրյան

11. «Քարավան- 88» բարեգործական հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյան

12. «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ Տաճատ Վարդապետյան

13. «Համայնք եւ իրավունք» հ/կ նախագահ Սամվել Մկրտչյան