Այսօր` մարտի 1-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական բազմահազարանոց համահանրապետական հանրահավաքը: Այն նվիրված է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հարթակում են գտնվում ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Հանրահավաքի մասնակիցները հարգեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարծում է, որ լռությունն այն ձեւը չէ, որով պետք է իրենք պատվեն մարտի 1-ի հերոսներին, եւ որ նրանց պետք է ողջունել ծափերով: Հետո նա ծափերի տարափի ներքով անուն առ անուն թվարկեց մարտի 1-ի զոհերին:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ չորս տարվա ընթացքում իշխանությունները ոչինչ չեն արել սպանությունների բացահայտման ուղղությամբ:
Նշենք, ուղիղ չորս տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Ընդդիմությունը չճանաչեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր կազմակերպեց Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի մեկի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ, որոնց մի մասը դեռ բանտում է: Իշխանությունները տեղի ունեցածը համարում են զանգվածային անկարգություններ:



























