Փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի (ԼՂՀ հյուսիսային սահման) դիտակետում սպանված ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի գործով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

«110 հոդվածի 1-ին մասով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Իսկ նախաքննությունը շարունակվում է»,- ավելացրեց Մերի Սարգսյանը, հավելելով, որ այս պահի դրությամբ, ձերբակալվածներ եւ կասկածյալներ չկան:

Նշենք, որ Տիգրան Վարյանը Աբովյանի բնակիչ է եւ զորակոչվել էր  2011թ-ի առաջին զորակոչին` Կոտայքի զինկոմիսարիատից:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Տիգրան Վարյանի մորաքրոջ աղջկա` Թամարայի հետ, ով դեռ տեղյակ չէր, որ քրեական գործը հարուցվել է  ինքնասպանության հասցնելու հատկանիշներով. «Ոչ ոք չի հավատում ինքնասպանությանը: Իրենք դեռ հաստատ չեն ասել, որ դա ինքնասպանություն է: Սկզբում հեռախոսով են ասել, բայց գրավոր ոչ մի բան չեն ասել: Հիմա դիահերձարանում են (դա ժամը 13:00-ին էր)»: Նա նաեւ ասաց, որ իրենք չեն կարող ասել դա զինվորների, թե սպաների միջեւ ծագած միջադեպի արդյունք կլինի, քանի որ Տիգրան նման խնդիրների մասին չի խոսել: Թամարան նշեց, որ Տիգրանը ծառայության է մեկնել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, նա ցանկանում էր ատամնատեխնիկ դառնալ եւ ծառայությունից հետո  քոլեջում սովորելու նպատակ է ունեցել: Թամարայի եղբայրը, ով մեկ տարով է մեծ Տիգրանից, մեկ տարի նույն զորամասում միաժամանակ ծառայել է եղբոր հետ: Իսկ եղբոր զորակոչվելուց մոտավորապես 2 ամիս հետո այդ դեպքն է տեղի ունեցել: Տիգրանի քույրը 5-րդ դասարանում է: Նրան դեպքից հետո ծանոթների տուն են տարել, քանի որ ոչ մի կեպ չի հավատում կատարվածին եւ շատ ծանր վիճակում է:

Ավելի ուշ մենք զրուցեցինք նաեւ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ, ով Տիգրան ծնողների առաջարկով մասնակցել է դիահերձմանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Տիգրանին հրազենով սպանելուց առաջ դաժան ծեծի են ենթարկել. զինվորը վնասվածքներն ստացել է մահվանից անմիջապես առաջ: Նրա խոսքով, Տիգրանի դեմքի վրա առկա են եղել բռնության հետքեր:

«Քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ՝ երկարավուն կապտուկ։ Վերջին վնասվածքը հուշում է այն մասին, որ զինվորին սպանելու պահին զինվորը փորձել է դիմադրել, բայց դա նրան չի հաջողվել, որովհետեւ դիմադրել է մարդասպանների խմբին: Տիգրանի մահը, սակայն, վրա է հասել հրազենային կրակոցի արդյունքում: Ավելին` Տիգրան Վարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ նա նույնիսկ չէր հասցնի այդ քայլին դիմել, որովհետեւ ծեծելուց հետո անմիջապես սպանել են»,-ասաց նա:

Յուրա Բադալյանին, ով ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի բաժնի պետն է, երբ  Ռուբեն Մարտիրոսյանը հարցրել է, թե ի՞նչ փաստ ունի, որ զինվորն ինքնասպան է եղել այն դեպքում, երբ ինքը դիահերձարանում համոզվել է, որ նրան սպանել են, վերջինս պատասխանել է, թե եթե մենք գրենք սպանություն, հետո պարզվի ինքնասպանություն է, էլ չեն կարող սպանությունը փոխել ինքնասպանության, որովհետեւ ծնողները չեն հավատա: Աբսուրդը, ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, այն է, որ ստացվում է, որ սպանվածների ծնողներն ավելի հակված են հավատալու ինքնասպանության վարկածին, քան` սպանության:

Հարցին, թե իրենց ունեցած տվյալներով, զինվորին խոշտանգել են սպանե՞րը, թե՞ ծառայակիցները, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այսօր գոյություն ունի մի  համակարգ, որ այդ սպանությունը կարող են բարդել ցանկացած անձի վրա, որի համար անհրաժեշտ է ընդամենը իրեղեն ապացույցները ոչնչացնել, ստրուկի կարգավիճակով բանակում ծառայող զինվորներին ծեծել, որ ցուցմունք տան այն անձի դեմ, ով իրենց համար սլաքավար է»:

Ռուբեն Մարտիրոսյանը երկար տարիների փորձագետ լինելով հանդերձ ազդված էր այս դեպքից. «Շատ դժվար է արյունը լվանալուց հետո, ծեծի արդյունքում սպանված 19-ամյա երիտասարդին տեսնել ցինկի վրա, ով դեռ պետք է ընտանիք ստեղծեր, երջանկանար եւ երջանկացներ իր ընտանիքին: Ավելին, եթե հնարավորություն ունենաք գնալ այդ զորամաս համոզված եմ, որ կտեսնենք ծեծված եւ խոշտանգված զինվորների, որոնց ասում են ստորագրի այ այստեղ, իսկ թե ինչ են ստորագրելու` այդ զինվորներն էլ չգիտեն: Այսինքն` մի խեղճ ու կրակի կգտնեն ու այդ սպանությունը կջարդեն նրա վրա, որովհետեւ Հայաստանում չկա օրենք, օրինականություն եւ արդարադատություն»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը: ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացնում էին, որ նախնական տվյալներով, նա սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից:Իսկ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը