Թերթը գրում է, որ հայության մի ստվար հատվածին մտահոգող կարեւորագույն խնդիր է դարձել «Եվրատեսիլի» հերթական, այս անգամ` Բաքվում տեղի ունենալիք մրցույթին մասնակցել-չմասնակցելու հարցը: Ով պիտի մեկնի, պիտի մեկնի թե չմեկնի, այս մեկը կարող է լավ ներկայացնել, մյուսն այնտեղ անելիք-ասելիք չունի...
Այս թեմայով ամեն օր մի քանի հայտարարություն է տարածվում հայրենի փոփ երգիչների կողմից, նրանց ձայնակցում են կամ պատասխան հայտարարություններ անում ռոքի ոլորտում զբաղված որոշ խմբեր: Պոտենցիալ մեկնողների թվում ամենատարբեր անուններ են հնչում` Թաթայից սկսած եւ «Դորիանս»-ով վերջացրած։
Ասուլիսներ են հրավիրվում, քննարկումներ կազմակերպվում, հոդվածներ գրվում, կողմ եւ դեմ կարծիքներ հայտնվում: Ոմանք կողմ լինելով՝ դեմ են խոսում ըստ պատեհության, ոմանք էլ դեմ լինելով՝ մտքում գուցե թե կփափագեին գնալ: Այստեղ է, որ ուզում ես ասել. ուզում եք՝ գնացեք, ուզում եք՝ մի գնացեք, բայց այս եվրատեսիլային ջրիկ ու քաղաքականացված շոուն փակեք, ամոթ է:
Մի ողջ երկիր իր տեղեկատվական բոլոր միջոցներով, հանրային հեռուստատեսությամբ լծվել է խնդրո առարկա թեման քարոզելուն: Կարեւոր չէ այս դեպքում` մերժողաբար թե հակառակ կերպ ենք տրամադրված... Մի՞թե մենք ավելի կարեւոր խնդիր չունենք, քան «Եվրատեսիլի» նման մրցույթին մասնակցելը: Կոմիտասի հոբելյանից մինչեւ սուրբ Մաշտոցի հոբելյան լրատվամիջոցները խուլուհամրի նման եղան եւ այսօր էլ շարունակում են նույն ոգով, մինչդեռ... Մինչդեռ «Եվրատեսիլի» բոյկոտի թեման անգամ մատի փաթաթան դարձրած որոշները պտտում են ու պտտում։
Ի հեճուկս եւ ի պատասխան Ադրբեջանի ու պաշտոնական Բաքվի ամենօրյա մտացածին եւ սուտ տեղեկատվության՝ այնքան փաստեր եւ պտտելու թեմաներ կան` սկսած քաղաքականից, վերջացրած իրապես մշակութայինով:
Մի քանի օր առաջ Սումգայիթյան ջարդերի (Մարաղայի, Խոջալուի, Բաքվի) տարելիցի օրն էր, իսկ մենք, ի լուր աշխարհի այս թեմայով մեր ունեցած ողջ տեղեկատվությունը սփռելու, նոր ժամանակներում հայերի հանդեպ Ադրբեջանի գործած ցեղասպանության մասին խոսելու փոխարեն, ինչ-որ անիմաստ մրցույթի մասին ենք արտահայտվում:
Ի դեպ, Թուրքիայում կամ Ադրբեջանում կազմակերպված նախաձեռնություններին մեր մասնակցության պատմությունը շատ տխուր դրվագներով է լեցուն: Փաստն այն է, որ մենք հիմնականում չենք կարողանում ոչ քաղաքական, ոչ էլ մշակութային միջոցառումներն ի շահ մեզ օգտագործել: Որքան էլ որ ճշմարտությունը մեր կողմն է, որքան էլ որ փաստեր ունենք: Որպես կանոն, մերոնք գնում են, կծկված ու խեղճ կանգնում, լուռ լսում եւ վերադառնում:
Ի դեպ, նման իրավիճակում մի դեպք եմ միայն հիշում, երբ մեր ներկայացուցիչը, տվյալ դեպքում` բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, մասնակցելով Ստամբուլում կազմակերպված գրական մի խորհրդաժողովի, ուղղակի առանց երկնչելու իր զեկույցում թուրքերի երեսին շրխկացրել էր նրանց գործած ցեղասպանության մասին: Բանաստեղծությամբ, ընդ որում, ոչ միայն իր գրած, այլեւ ժամանակակից ամերիկյան եւ եվրոպական հեղինակների տողերով...
Վերադառնանք «Եվրատեսիլը» բոյկոտել-չբոյկոտելուն: Ի դեպ, հայ երգիչների բոյկոտել-չբոյկոտելու մասին խոսելով՝ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը շեշտել էր, թե Հայաստանը ոչ միայն Բաքվում տեղի ունենալիք, այլեւ բոլոր «Եվրատեսիլները» պետք է բոյկոտի։ Ըստ նրա. «Քաղաքականացված եւ անհասկանալի ճաշակ սերմանող մրցույթները չպիտի պրոպագանդվեն մեր երկրում, հատկապես պետական հեռուստաընկերություններով։ Եվ Կոմիտաս ծնած ազգը իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը»,- գրում է «Հայոց աշխարհը»։




























