Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերթական առարկությունն է ներկայացրել փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով հողատարածքների հատկացմանը: Խոսքն այս անգամ վերաբերում է Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքում կառուցվող ՀԷԿ-ին (Մեղրի գետի վրա): Փոքր ՀԷԿ-ն, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքի, պետք է արտադրի տարեկան մոտ 2 մլն.Կվտ ժամ էլեկտրաէներգիա, կկատարվի մոտ 300 մլն դրամի ներդրում, համայնքում կստեղծվի 4-5 նոր աշխատատեղ: Այս հարցը ներառված է կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում:
ՀԷԿ-ի կառուցման նպատակով տարածքային կառավարման նախարարությունն առաջարկում է հատկացնել մոտ 0.3 հա` մի մասը քաղաքացու սեփականությունը հանդիսացող վարելահողերից, մյուս մասը`համայնքային սեփականություն համարվող հողերից: ՀՀ գյուղնախարարության առարկությունը վերաբերում է հենց 0.17 հա վարելահողերի կատեգորիայի փոփոխությանը:
Գյուղնախարարությունն իր առարկությունը պայմանավորել է ՀՀ հողային օրենսգրքի 36 հոդվածի առաջին մասով, որով պետությունը պարտավորվում է պահպանել հողերը, դրանք անհիմն չհանել գյուղատնտեսական շրջանառությունից:
Հետաքրքիր է, որ այս որոշման դեմ որոշ վերապահում է ներկայացրել նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, այն հիմքով, որ հատկացվող հողակտորներից մեկը գտնվում է ապագայում կառուցվելիք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի վրա:




























