Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Մետաքսյա Մարտիրոսյանը զբաղվում է կավատությամբ: NEWS.am-ի այս տեղեկությունը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեց նաեւ Արմեն Մալխասյանը:
Նրա փոխանցմամբ, Մետաքսյա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի` 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերի հատկանիշներով (պոռնկությամբ զբաղվելու կազմակերպում` 5-րդ կետով երկու կամ ավելի անձանց օգտագործելով, իսկ 6-րդ կետով` անչափահասին օգտագործելով): Մետաքսյայի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, քանի որ անչափահաս երեխա ունի:
Ընդհանուր առմամբ, նա պոռնկության մեջ է ներգրավել 4 աղջիկների, մարմնավաճառության համար ծառայեցնելով իր տան տարածքը:
NEWS.am-ը գնալով կատարվածի հետքերով պարզեց, որ Մետաքսյա Մարտիրոսյանը Աբովյանում հայտնի է, որպես վարսահարդար եւ աշխատում է գեղեցկության սրահում: Այս մասնագիտությունը նրան օգնել է, որպեսզի նա կարողանա խնդիրներ ունեցող աղջիկներին իր ցանցը գցել եւ գումար աշխատելու կարճ ճանապարհը ցույց տալ: Հաճախորդների հետ զրույցում նա հեռվից գալով դժբախտ աղջիկների մասին պատմություններ է պատմել, հաճախորդներն է չհասկանալով, որ իրենց դեմ թակարդ է լարվում հիշել են իրենց հայտնի դժբախտ, վատ պայմաններում ապրող աղջիկների եւ կանանց պատմությունները: Մետաքսյան հենց այդ ճանապարհով էլ գտել է իր պոտենցիալ զոհերին:
Մարմնավաճառներն իրենց ծառայության դիմաց վաստակած գումարի մեծ մասը վճարել են Մետաքսյային, քանի որ ե’ւ հաճախորդներն են Մետաքսյայի լայն կապերի միջոցով օգտվել մարմնավաճառների ծառայությունից, ե’ւ տարածքի հարցերն է Մետաքսյան լուծել: Ավելին` գործում ներգրավված մարմնավաճառներից մեկը Մետաքսյային հանդիպել է անչափահաս հասակում: Վերջինս տարաձայնություններ է ունեցել ընտանիքի անդամների հետ եւ ապաստան գտել Մետքսյայի տանը: Բայց դրա դիմաց նա Մետաքսյայի եկամուտներն ավելացնելու համար ե’ւ զբաղվել է մարմնավաճառությամբ, ե’ւ նրան օգնել կենցաղային գործերում:
Հետագայում, ինչ-ինչ պատճառներով, աղջիկը որոշել է հեռանալ Մետաքսյայի տնից: Վերջինս սկզբում չի ընդդիմացել, կարծելով, թե աղջիկը չի կարող միայնակ գոյատեւել եւ կրկին կվերադառնա: Սակայն որոշ ժամանակ անց տեսնելով, որ այդ աղջիկը չի փորձում կապերը վերականգնել, ինքն անձամբ է փորձել նրան հետ բերել:
Նրանք համաձայնության չեն եկել մինչեւ որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Մետաքսյայի երկրորդ մասնագիտությունը` կավատությունը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյան




























