Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Շուշին վերականգնելու համար հայկական կողմի դրամահավաքի փաստը: Մասնավորապես՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը նշել է. «Հայերը առաջին անգամ չէ, որ նման քայլեր են ձեռնարկում: Այդ քայլը եւս մեկ անգամ բացահայտում է հայկական կողմի օկուպացիոն քաղաքականությունը»:
Այնուհետեւ Փոլուխովը գեղեցիկ խոստումներ է շռայլում Ղարաբաղին, թե ինչ զարգացման կարող է հասնել ԼՂ-ն, եթե այն վերադարձվի Ադրբեջանին: «Ադրբեջանական կառավարությունը կվերականգնի տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքները: Կենսամակարադակը Ղարաբաղում կհասնի Ադրբեջանում առկա մակարդակին: Իսկ եթե Հայաստանը շարունակի ներկա քաղաքականությունը, հայերը չեն կարող իրապես բարելավել Ղարաբաղում ապրող հայ բնակչության վիճակը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է մոտ 16 միլիոն դոլարի չափ գումար եւ գումարի խոստում:




























