Աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ մեկ օրում ընդհանուր թվով 11,3 միլիարդ դոլար են կորցրել` համաշխարհային ֆոնդային բորսաներում Հունաստանի դեֆոլտի հնարավորությամբ պայմանավորված կտրուկ անկման պատճառով:
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով` ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի ունեցվածքը կրճատվել է 407,3 միլիոն դոլարով: Arcelor Mittal-ի ղեկավար Լակշմի Միթալի կարողությունը կրճատվել է 918 միլիոն դոլարով:
Եվրոպացիներ Բեռնար Առնոն եւ Ամանսիո Օրտեգան, որոնք ղեկավարում են, համապատասխանաբար, LVMH Moet Hennessy Louis Vuitton (MC) SA եւ Inditex SA ընկերությունները, կորցրել են 1,2 միլիարդ դոլար:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կորցրել է 805,4 միլիոն դոլար, այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 61,3 միլիարդ:
Շելդոն Ադելսոնը` Las Vegas Sands Corp. (LVS) խաղատան ղեկավարը, կորցրել է 765,5 միլիոն դոլար:
OGX Petroleo (OGXP3) & Gas Participacoes SA ընկերության բաժնետոմսերի մեծամասնության փաթեթի սեփականատեր Էյկե Բատիստի ունեցվածքն իջել է 29,2 միլիարդի: Oracle Corp.-ի 22,5% բաժնետոմսերի սեփականատեր Լարի Էլիսոնը կորցրել է 385,7 միլիոն դոլար:
Google Inc.-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինի եւ Լարի Փեյջի ունեցվածքը ընդհանուր թվով կրճատվել է 560 մլն դոլարով:
ԱՄՆ-ի ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրը կորցրել են 1,3-1,5%, Եվրոպայում բորսաների անկումը ավելի էական է եղել` 1,8-3,6%: Նման կտրուկ բացասական շարժը պայմանավորված է մարտի 8-ի մոտենալով. այն Հունաստանի պարտքը մարելու կամավոր ծրագրում մասնավոր ներդրողների հայտերի ներկայացման վերջնաժամկետն է:
Եթե մասնակիցների թիվը 75%-ից քիչ լինի, քան երկրի պետական պարտատոմսեր ունեցողներինը, ապա երկրին անվերահսկելի դեֆոլտ է սպասվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























