Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները կառավարությանը առաջարկել են համակարգչային տեխնիկայի նկատմամբ ընդհանրապես չկիրառել ավելացված արժեքի հարկ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա հռչակած շատ պետություններ տարբեր հարկային արտոնություններ են սահմանում տնտեսության այս ճյուղի նկատմամբ, այդ թվում` վերացնում են նաեւ ԱԱՀ-ն, մինչդեռ Հայաստանում հարկային արտոնություններ գրեթե չկան»,- NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» իրավաբան Արկադի Սահակյանը՝ ավելացնելով, որ առաջարկը ոլորտի գործարարները կատարել են նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցած ՏՏ ոլորտի ընկերությունների եւ գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։ Ըստ նրա՝ ԱԱՀ-ն համակարգչային տեխնիկայի նկատմամբ չկիրառելու դեպքում, դրանց գինը կիջնի միջինը 20 տոկոսով, ինչը մեծապես կնպաստի համակարգչային տեխնիկայի սպառման ավելացմանը։ Ա. Սահակյանի խոսքով՝ հանդիպմանը ներկա էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը խոստացել է կառավարության նիստում բարձրացնել այդ հարցը։ Քննարկման ընթացքում ՏՏ ոլորտի գործարարները անդրադարձել են նաեւ արտահանման եւ ներմուծման ժամանակ մաքսակետերում առաջացող խնդիրներին։ «Գործարարները ցանկանում են, որ ներմուծման ժամանակ մաքսազերծումը կատարվի արտահանված երկրում ձեռքբերված փաստաթղթերի հիման վրա»,- ասաց իրավաբանը՝ նշելով, որ հաճախ երբ համակարգչային տեխնիկան ներմուծվում է վստահություն չներշնչող երկրներից, կամ ձեռբերման փաստաթղթերում ցածր գին է նշված լինում՝ մաքսային տեսուչները տեխնիկան մաքսազերծում են շուկայական գնով, այսինքն՝ էժան ձեռքբերված ապրանքը մաքսակետում տուրքերի պատճառով արդեն զգալիորեն թանկանում է։ «Իհարկե չի կարելի բացառել, որ կան անբարեխիղճ ներմուծողներ, որոնք, հնարավոր է, փորձում են կեղծ փաստաթղթեր ցույց տալ»,- նշեց ԻՏՁՄ իրավաբանը՝ հավելելով, որ մաքսայինում պետք է փորձեն տարբերակել տարիների ընթացքում շուկայում վարկանիշ ձեռքբերած ընկերություններին։
Տեղեկացնենք, որ կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է հայտարարել, եւ նպատակ ունի մինչեւ 2018 թվականը բնակչության 70 տոկոսին ապահովել համակարգիչներով, սակայն ոլորտի մասնագետների հավաստմամբ՝ գերակա ճյուղ հայտարարելուց հետո ՏՏ ոլորտում բարեփոխումներն ուշանում են։



























