Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենային գների աճը տեղի է ունեցել մինչեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լայն սպառման ապրանքների շուկայում խիստ հսկողություն սահմանելու մասին որոշումը։ NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հանձնաժողովի մամուլի պատասխանատու Արմինե Ուդումյանը տեղեկացրեց, որ լայն սպառման ապրանքների շուկայում (դրանք են` բենզին, դիզելային վառելիք, շաքարավազ, դեղորայք, բուսական յուղ, կարագ, ձու) գների նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել նոյեմբերի 20-ից, իսկ ապրանքները թանկացել են մինչեւ այդ։ Արդեն իսկ արձանագրված թանկացումների հիմնավորվածության հարցը դիտարկվում է Հանձնաժողովի մասնագետների կողմից:

«Պետք է ասեմ, որ հսկողության սահմանումից հետո, գների տատանումներ տեղի չեն ունեցել»,- նշեց Ա. Ուդումյանը՝ ավելացնելով, որ ապրանքների գների փոփոխության դեպքում շուկայում գերիշխող դիրք և մեծ ծավալներ զբաղեցնող ընկերությունները պետք է երկօրյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնեն իրենց որոշման պատճառները եւ հիմնավորեն այն։ Հարցին՝ իսկ եթե խոշոր ընկերությունները անտեսե՞ն հանձնաժողովի որոշումը եւ, ըստ ցանկության, ամանօրյա տոներից առաջ բարձրացնեն ապրանքների գները, Ուդումյանը պատասխանեց, որ այդ դեպքում նրանք Հանձնաժողովի որոշումը չկատարելու համար կտուգանվեն մեկ միլիոն դրամով, իսկ եթե պարզվի նաև որ իրենց կողմից գների բարձրացումը չհիմնավորված է` առավելագույնը կտուգանվեն 300 մլն դրամով (մոտ 800 հազար դոլար)։

Հարցին, թե տնտեսվարողները հնարավո՞ր է ավելի մեծ շահույթ ստանան գները չհիմնավորված բարձրացնելով, քան կարող են տուգանվել, Ա. Ուդումյանը պատասխանեց՝ հանձնաժողովը եւս գիտակցում է, որ որոշ խոշոր ընկերությունների շահույթը որոշ դեպքերում կարող է շատ ավելին լինել, քան 300 միլիոն դրամ տուգանք վճարելն է. «Հանձնաժողովը քննարկում է այս խնդրի կապակությամբ օրենքում փոփոխություն կատարելու հարցը»,- նշեց Ա. Ուդումյանը։

Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, Երեւանում մրգի գներն աճել են 18,6 տոկոսով, բանջարեղենինն ու կարտոֆիլինը՝ մոտ 9 տոկոսով, կարագը թանկացել է 6,4 տոկոսով:

2009թ. նոյեմբերին, 2008թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 33,6 տոկոս, իսկ 2009թ. հոկտեմբերի համեմատ` 2 տոկոս գնաճ: Հոկտեմբերի համեմատ 0,7 տոկոսով թանկացել է մսամթերքը, իսկ ոչխարի միսը թանկացել է միանգամից 16,4 տոկոսով:

Խոսելով դեղորայքի շուկայում գների թանկացման կապակությամբ հանձնաժողովի վարույթի ընթացքի մասին՝ նա նշեց, որ նախնական գնահատմամբ, որոշ ընկերություններ իսկապես խախտել են մրցակցության մասին օրենքը։ Ըստ նրա՝ վերջնական տվյալները կհայտարարվեն մոտ օրերս։

Հիշեցնենք, որ դեղորայքի շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ է հարուցվել, որի շրջանակում ուսումնասիրվում են շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 25 ընկերությունների վարքագծերը, այդ թվում՝ «Նատալի Ֆարմ», «ԱլֆաՖարմ», «ԱռգոՖարմ», «ՎագաՖարմ», «Արմֆարմ», «Ֆարմ Թրաստ», «Ամիկուս», «Դեղաբազա Երեւան», «Արֆարմացիա», «Ֆարմ Գոհար», «Արփիմեդ» ընկերությունների։