Ռուս հայտնի բրգաշինարար Սերգեյ Մավրոդին փախել է հիվանդանոցից  կպչուն լրագրողների պատճառով: Նա հայտնաբերվել է մասնավոր հիվանդանոցում, որտեղ այժմ շարունակում է բուժումը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Մոլոխովը: 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մավրոդին փախել է Բոտկինյան հիվանդանոցից` իր հետ տանելով բժշկական թանկարժեք սարքավորում:

Ինչպես բացատրում է polit.ru-ն, որպեսզի կարողանա աննկատ լքել Բոտկինյան հիվանդանոցը, Մավրոդին  մի ամբողջ հատուկ գործողություն է իրականացրել: Սկզբում նա թիկնապահներին ասել է, որ իրեն զզվեցնում են լրագրողները: Այն բանից հետո, երբ թիկնապահները գնացել են նրա հիվանդասենյակ լրագրողներին վռնդելու, Մավրոդին սեւ կոստյումներով մի քանի տղամարդկանց ուղեկցությամբ լքել է հիվանդանոցը: Ականատեսները հայտնել են, որ տեսել են նրան դեղին գույնի շտապօգնության մեքենա նստելիս, նրա հագին եղել է մարզահագուստ եւ հողաթափեր:  

Մավրոդիի փաստաբանը հայտարարել է, որ սրտի աշխատանքը հսկող սարքն անհրաժեշտ է եղել Մավրոդիին տեղափոխման ժամանակ: Այժմ սարքը վերադարձվել է Բոտկինի հիվանդանոց:

Մավրոդին հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 19-ին սրտի կաթվածի կասկածանքով: Նախորդ շաբաթվա կեսից նա կալանավորվել էր հազար ռուբլի տուգանքը չվճարելու համար: Մարտի 16-ին դատարանն օրինական էր ճանաչել նրա ձերբակալությունը, ի պատասխան Մավրոդին հացադուլ էր հայտարարել:

Մարտի 22-ին կկայանան Մավրոդիի տասնյակ վարչական գործերից մեկի` հազար ռուբլու տուգանքը չվճարելու դատական լսումները: Եթե Մավրոդին հինգշաբթի օրը առանց հարգելի պատճառի չներկայանա, ապա հետագայում կարող են ներգրավվել դատական կատարածուները, որոնք նրան հարկադրաբար կբերեն դատարան: