McDonald`s-ի գլխավոր տնօրեն Ջիմ Սքիները, որը երկար տարիներ ապահովել է ընկերության աճը, հայտարարել է հրաժարական տալու մասին: Նա պաշտոնը կլքի 2012թ. հուլիսի 1-ին: Նրան կփոխարինի գործադիր տնօրեն  Դոն Թոմփսոնը:

67-ամյա Սքիները ընկերությունում աշխատել է  41տարի: Նա 2003թ. ներդրված  «Հաղթանակի ծրագրի» (Plan to Win) գլխավոր մշակողներից էր, որի հիմնական կարգախոսն էր  «լինել ավելի լավը, ոչ թե պարզապես ավելի մեծը»:

Տնօրենների խորհրդի նախագահ Էնդի Մաքքենան նշել է, որ Սքիների ղեկավարության ներքո ընկերության կապիտալը գերազանցել է 100 միլիարդ դոլարը, իսկ բաժնետիրական շահույթը կազմել է 21%: McDonald`s ընկերությունը Սքիների  ղեկավարության ամբողջ ընթացքում անընդհատ աճ է գրանցել, հայտնում է  «Ռոսբալտը»:

McDonald`s Corporation-ը ձեւավորվել է 1940 թվականին հիմնված ռեստորան-բարբեքյուից, որը պատկանել է Ռիչարդ եւ Մորիս Մաքդոնալդներին: 1955 թվականին ձեռնարկությունը գնել է գործարար Ռեյ Քրոքը, որի ռազմավարության ուղղություններից էր  համաշխարհային   ընդլայնումը: Ներկայումս 119 երկրներում  ընկերության ապրանքանիշի տակ աշխատում են 33 հազար ռեստորաններ` 1,7 միլիոն աշխատակիցներով, ամեն օր սպասարկվում են 68 միլիոն հաճախորդներ: