Այսօր լրագրողները ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է հնարավոր, որ 2010 թվականի համար բյուջեի ծախսերը էականորեն նվազել են 2009-ի բյուջեի նկատմամբ (որոշ ոլորտներում այդ նվազումը կազմել 20-25 տոկոս), սակայն ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2010-ի բյուջեում ծախսային մասը ավելին է լինելու, քան 2009-ին:

Այս առնչությամբ Գ. Մինասյանն ասաց, որ գոյություն ունի երկու բյուջե. «2009 թվականի բյուջեով նախատեսված էր ՀՆԱ-ի 9,2 տոկոսանոց աճ, որը բնականաբար, տեղի չունեցավ: Բայց մենք ունենք նաեւ սպասվող բյուջե, որտեղ ՀՆԱ անկումը 15 տոկոս է լինելու: Ինչ վերաբերում է 9,2 տոկոսանոց աճ նախատեսող բյուջեին, ապա իհարկե, 2010-ի պետական բյուջեի նախագիծը շատ ավելի փոքր ծախսային մաս ունի, սակայն ինչ վերաբերում է սպասվելիքին, ապա ներկայացվածը սպասվելիքին համարժեք ծախսային մաս ունի»:

Սակայն քիչ անց նա հերքեց իր իսկ ասածը՝ ասելով. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2010-ի համար շատ ավելի մեծ բյուջե ենք ներկայացնելու, քան ներկայացրել էինք առաջին փուլում, ապա իսկապես, ծախսային մասում այդ բյուջեն մոտավորապես հավասար է լինելու 2009 թվականի համար նախատեսված բյուջեին, որը նախատեսում էր 9,2 տոկոսի աճ»: Նկատենք, որ սպասվող բյուջեն դա իրավական փաստաթուղթ չէ: Գոյություն ունի միայն մեկ բյուջե, որը հաստատվել է ԱԺ կողմից:

Հարցին, թե դա ինչի՞ հաշվին է լինելու, պատգամավորը պատասխանեց. «Առաջին հերթին այն իրողությունների, որոնք ավելի ցայտուն են դարձել տնտեսական աշխուժացման շնորհիվ։ Եւ երկրորդ. այն օրենքների կիրառման շնորհիվ, որոնք այսօր մենք պետք է կարողանանք իրականացնել` ապահովելով հարկային եկամուտները: Միաժամանակ մենք ունենք նոր արտոնյալ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություններ: Այստեղ հարկ է նշել, որ մենք հավանաբար եկող տարվա վերջին կունենանք 41 տոկոսի արտաքին պարտք, որը միջին պարտքի սահմաններում է»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ՀՆԱ անկումը կազմում է 17,5 տոկոս, իսկ ամիսների կտրվածքով տնտեսական անկումը շարունակվում է, ու զարմանալի է, թե ինչ աշխուժացման մասին է խոսում Գ. Մինասյանը: Ինչ վերաբերում է նոր վարկային միջոցներ ներգրավելուն, ապա վերջերս ֆինանսների նախարարը հայտարարել էր, թե իրենք 2009-ին այնքան շատ վարկային միջոցներ են ներգրավել (ավելի քան 2 միլիարդ դոլար), որ նոր միջոցների կարիք ուղղակի չունեն: